Երկուշաբթի Բրյուսելում Եվրամիության արտգործնախարարները հանդիպման ժամանակ, Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի խնդիրներից բացի կքննարկեն վիճահարույց օրենքի պատճառով Վրաստանում ստեղծված լարված իրավիճակը:
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն մայիսի 24-ին լրագրողներին ասել էր, որ «Վրաստանի և Եվրամիության հարաբերությունների ապագան կախված է այդ երկրում վերջին զարգացումներից»։
«Երկուշաբթի արտգործնախարարները կքննարկեն Վրաստանի թեման՝ հաշվի առնելով վերջին կարևոր զարգացումները, մասնավորապես՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի հետ կապված»,- ասել է խոսնակը։
Բրյուսելում Եվրամիության արտաքին գործերի խորհրդի նիստից առաջ Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը լրատվամիջոցների հետ զրույցում նշել է, որ «սա կլինի առաջին դեպքը, երբ նախարարները կգնահատեն Վրաստանում տիրող իրավիճակը»։