Թեև առավոտից ջրի մակարդակի բավականին նվազում ունեինք, վերջին կես ժամում երկու հատվածում դիտարկում ենք որոշակի ջրի շերտ, որը կարծես նահանջել էր, բայց հիմա կրկին բարձրանում է: Այդ մասին «Լուրերի» ուղիղ եթերում ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ նշելով, որ դա պայմանավորված է եղանակային պայմաններով, ջրի հոսքով:
«Բոլորին, հատկապես մեր հարակից բնակավայրերի բնակիչներին նորից կոչ եմ անում, որ թեև առավոտյան նրանք տեսել են, որ ջուրը որոշակիորեն նվազել է, բայց, այնուամենայնիվ, վտանգը դեռ չի նվազել, և պետք է զգուշություն ցուցաբերել և փրկարարների ու մյուս աշխատակիցների ցուցումներին հետևել, որպեսզի ոչ ցանկալի միջադեպեր չունենանք»,- ասաց նախարարը:
Գնել Սանոսյանը նաև ասաց, որ ամեն ինչ գույքագրվում է, և պետությունը նախատեսում է փոխհատուցում տրամադրել տուժածներին:
«Մեր այն հայրենակիցները, որոնք տուժում են, տուժել են, հորդորում եմ՝ մեր հանձնաժողովների հետ աշխատեն, գույքագրեն՝ ինչպիսի վնասներ են կրել»,- ասաց նա: