Վրաստանի խորհրդարանի իրավական հանձնաժողովը քվեարկել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նկատմամբ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած նախագահական վետոն չեղարկելու օգտին։
Նախագահի խորհրդարանական քարտուղար Գիորգի Մսխիլաձեն, ներկայացնելով վետոյի դրդապատճառը, հայտարարել է, որ օրենքը խտրական է և պետք է չեղարկվի: Նա հրաժարվել է օրենքի հոդված առ հոդված քննարկումից:
««Թափանցիկության մասին» օրենքը հակասում է Վրաստանի Սահմանադրության չորս հոդվածին, այդ թվում՝ հավաքների ազատությանը և քաղաքացիների հավասար իրավունքներին։ Օրենքը հանգեցնում է ոչ կառավարական կազմակերպությունների և ազատ լրատվամիջոցների խարանման, ուստի օրենքն անընդունելի է»,- ասել է Մսխիլաձեն։