Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձավ Հայաստանի հյուսիսային մարզերում հորդառատ անձրևների պատճառով հեղեղումներին։
Նա հիշեցրեց, որ հորդառատ անձրևների պատճառով տեղի են ունեցել գետերի վարարումներ, ապա տեղեկացրեց, որ երեկ խոսել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի հետ և հայտնել տարատեսակ աշխատանքներին քաղաքապետարանի աջակցության պատրաստակամության մասին։
Տիգրան Ավինյանը նաև հանձնարարեց քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հիմնարկներին պատրաստ լինել, որպեսզի անհրաժեշտության դեպքում համապատասխան տեխնիկայով ու մարդուժով տեղափոխվեն համապատասխան վայրեր:
«Այս պահի դրությամբ դեռևս, նույնիսկ գիշերվա ընթացքում, որոշակի փլուզումներ են տեղի ունեցել: Մեկ կամուրջ է փլուզվել: Այնուամենայնիվ, դեռևս տեխնիկան ու մարդուժը բավարարում են, բայց կարող է կարիք լինել, որ մենք նույնպես միանանք այս աշխատանքներին»,- ասաց նա։