Էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 25֊ին մասնակցել է «Ճանաչի՛ր Հայաստանը» ներքին զբոսաշրջային ցուցահանդեսի բացման արարողությանը։
ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեն արդեն երրորդ տարին անընդմեջ իրականացնում է «Ճանաչի՛ր Հայաստանը» ներքին զբոսաշրջային ցուցահանդեսը, որը միտված է բացահայտելու Հայաստանի մարզերի զբոսաշրջային ներուժը:
«Վստահաբար կարող ենք ասել, որ տարեցտարի արձանագրվում է ոչ միայն ներգնա, այլև ներքին զբոսաշրջության վիճակագրական ցուցանիշների նկատելի աճ։ 2022 թվականի համեմատ 2023 թվականին գրանցվել է շուրջ 19 % ներքին այցելությունների թվի աճ, ինչը նաև մեր հանրության կողմից մեր երկրի հարուստ ժառանգությունը ճանաչելու և Հայաստանում ճանապարհորդելու պատրաստակամության վառ ապացույցն է։ Նախարարությունը սատարում է այս գաղափարը և ակտիվորեն կյանքի կոչում այն ի նպաստ մարզերում զբոսաշրջային գործարար հարաբերությունների ձևավորմանը՝ հատկապես, որ զբոսաշրջությունը հանդիսանում է տնտեսական զարգացման գերակա ուղղություններից մեկը»,- նշել է Գևորգ Պապոյանը։
Ցուցահանդեսի շրջանակում Հայաստանի մարզերը ներկայացնում են իրենց զբոսաշրջային առանձնահատկությունները, հարուստ մշակութային ժառանգությունն ու գրավչությունը, մարզին բնորոշ խոհանոցն ու արկածային զբոսաշրջության հնարավորությունները։