Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից հայտնում են, որ Անահիտ Մանասյանը Սյունիքի մարզ աշխատանքային այցի շրջանակում աշխատակազմի ուղեկցությամբ այցելել է զորամասեր և մարտական դիրքեր։
Այցի ընթացքում Պաշտպանը հանդիպումներ է ունեցել սպայակազմի հետ, քննարկել զինծառայողների և նրանց ընտանիքների իրավունքներին վերաբերելի հարցեր, այդ թվում՝ սոցիալական ապահովությանը, ծառայության գրավչության բարձրացմանը, ատեստավորման գործընթացին, բնակարանային ապահովությանը առնչվող հարցերի:
Անահիտ Մանասյանը շրջայց է կատարել զորամասերի տարածքում, ուսումնասիրել սոցիալ-կենցաղային պայմանները, մասնավորապես՝ բուժծառայության վիճակը, դեղորայքի առկայությունը, պահման պայմանները, մատուցվող սննդի որակը, կարգապահության և բարոյահոգեբանական վիճակի վերաբերյալ հարցերը և այլն։
Մարդու իրավունքների պաշտպանն այցելել է նաև մոդուլային տիպի զորամասերից մեկը, շրջել և տեղում ծանոթացել մոդուլային կացարաններին ու կենցաղային պայմաններին։
Պաշտպանը ևս մեկ անգամ շեշտել է, որ զինծառայողների ու նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերն իր աշխատանքի կարևոր ուղղություններից են։
Ոլորտում առկա խնդիրները պարբերաբար ամփոփվում են Պաշտպանի աշխատակազմում և, ըստ իրավասու գերատեսչությունների, ներկայացվում խնդիրների լուծման առաջարկներ։
Անահիտ Մանասյանը գնահատում է Պաշտպանության նախարարության հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը, որի շրջանակում լուծվում են զինծառայողների կողմից բարձրացված` մարդու իրավուքներին վերաբերելի մի շարք հարցեր։