Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Նորվեգիան, Ֆինլանդիան և Լեհաստանը պայմանավորվել են սահմանային անվտանգության համար անօդաչու թռչող սարքերի միջոցով ստեղծել նոր ենթակառուցվածք՝ ասել է Լիտվայի ներքին գործերի նախարար Ագնե Բիլոտայտեն։
«Անօդաչու թռչող սարքերի պատը բոլորովին նոր բան է: Այն ձգվելու է Նորվեգիայից Լեհաստան, և նպատակն է լինելու պաշտպանել մեր սահմանը անօդաչու սարքերի ու այլ տեխնոլոգիաների օգնությամբ։ Ոչ միայն ֆիզիկական ենթակառուցվածքները, հսկողության համակարգերը, այլև անօդաչու թռչող սարքերի և այլ տեխնոլոգիաների օգտագործումը թույլ կտան մեզ պաշտպանվել ոչ բարեկամ երկրների սադրանքներից ու կանխել մաքսանենգությունը»,- ասել է նախարարը։
Փետրվարին էլ Times-ը հայտնել էր, որ Բալթյան երկրները մտադիր են ավելի քան 1000 բետոնե բունկեր կառուցել Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին։ Աղբյուրի համաձայն՝ «Բալթյան պաշտպանության գիծը» կներառի հակատանկային ականներ, խրամատներ, փշալարեր և «վիշապի ատամներ»՝ բրգաձև հակատանկային ակոսներ՝ պատրաստված բետոնից կամ երկաթբետոնից։