ՆԱՏՕ-ի երկրները պետք է վերանայեն այն սահմանափակումները, որոնք թույլ չեն տալիս Ուկրաինային արևմտյան զենքով հարվածներ հասցնել Ռուսաստանում ռազմական օբյեկտներին՝ բրիտանական The Economist-ի հետ հարցազրույցում հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը:
Ըստ ամսագրի՝ Ենս Ստոլտենբերգի ոչ հասցեական այս կոչն ուղղված է մասնավորապես Սպիտակ տանը, որը դեմ է Ռուսաստանի տարածքի ուղղությամբ ամերիկյան զենքի կիրառմանը:
«Դա կարևոր է հատկապես հիմա, երբ մարտական ակտիվ գործողություններ են Խարկովում՝ սահմանի մոտ: Ուկրաինան պետք է կարողանա պաշտպանվել»,- համոզմունք է հայտնել Ստոլտենբերգը:
Միաժամանակ նա ընդունել է, որ այդ քայլը կարող է հանգեցնել հակամարտության սրման, և ընդգծել՝ չի կարելի թույլ տալ, որ ռուս-ուկրաինական պատերազմը վերածվի Եվրոպայում Ռուսաստան-ՆԱՏՕ հակամարտության:
«Դաշինքը զենք է մատակարարում Կիևին, զինվորների համար վերապատրաստումներ անցկացնում, սակայն հրաժարվում է պատերազմին ուղղակի միջամտությունից և Ուկրաինա զորքեր ուղարկելուց»,- հավելել է Ստոլտենբերգը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Ուկրաինան դառնալու է կառույցի անդամ, թե երբ՝ պարզ չէ, դրա համար պետք է համապատասխան պայմաններ ստեղծվեն: «ՆԱՏՕ-ին Ուկրաինայի միանալու համար հարկավոր է նաև բոլոր անդամ երկրների համաձայնությունը, այժմ նման բացարձակ կոնսենսուս չկա»,- մանրամասնել է նա:
Գլխավոր քարտուղարը նաև կոչ է արել Ռուսաստանին՝ դադարեցնել ՆԱՏՕ-ի անդամների դեմ կիբեռհարձակումները, նախազգուշացրել՝ դրանք կարող են հանգեցնել 5-րդ հոդվածի գործարկմանը և համապատասխան արձագանքին՝ ոչ միայն կիբեռտիրույթում: