Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2024 թվականի մայիսի 11-ին և 18-ին մասնակցել է Դատախազության աշխատակիցների միջև կազմակերպված «ՀՀ գլխավոր դատախազի գավաթ» շախմատի և ֆուտզալի ներքին առաջնություններին: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։
Հայաստանի շախմատի ակադեմիայում անկացված առաջնությանն այս տարի մասնակցել է Դատախազության 24 աշխատակից՝ նախորդ տարվա 16-ի փոխարեն:
7 փուլերում ձեռք բերած միավորների արդյունքում՝ «ՀՀ գլխավոր դատախազի գավաթ» շախմատի առաջնության առաջին հորիզոնականը զբաղեցրել է Դատախազության իրավաբանական բաժնի պետ Դավիթ Գրիգորյանը, երկրորդ հորիզոնականը՝ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ավագ դատախազ Վաղարշակ Սարգսյանը, իսկ երրորդ հորիզոնականը՝ ՀՀ դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը:
Մրցանակը հաղթողներին է հանձնել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:
Մայիսի 18-ին ԵՊՀ սպորտդահլիճում տեղի ունեցած ֆուտզալի ներքին առաջնությունը, որին տրիբունայից հետևել են ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը և ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ընթացել է երկու թիմերի՝ ՀՀ գլխավոր դատախազության և մարզերի դատախազության աշխատակիցների միջև:
Եզրափակիչ խաղի արդյունքներով՝ 3:8 հաշվով, հաղթել է մարզերի դատախազության թիմն ու արժանացել «ՀՀ գլխավոր դատախազի գավաթ» մրցանակին: