ԱՄՆ-ն ձեռնամուխ է լինում ամերիկա-վրացական համագործակցության վերանայմանը և սկսում է վիզային սահմանափակումներ մտցնել Վրաստանի իշխանությունների համար՝ կապված «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունման հետ։
«Վրաստանի համար վիզաների սահմանափակման նոր քաղաքականությունը» կկիրառվի այն անձանց նկատմամբ, որոնք «պատասխանատու են Վրաստանում ժողովրդավարության խաթարման, ինչպես նաև բռնության կամ ահաբեկման միջոցով քաղաքացիական հասարակությանն ու խաղաղ հավաքների ազատությունը ճնշելու համար: Այս սահմանափակումները կտարածվեն ինչպես գործող, այնպես էլ նախկին պետական պաշտոնյաների և նրանց ընտանիքների անդամների վրա»,- ասվում է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարության մեջ:
Նշվում է, որ ամերիկյան վիզա ստանալու իրավունքից և Միացյալ Նահանգներ այցելելու հնարավորությունից զրկվում են բոլոր նրանք, ովքեր խաթարում են ժողովրդավարական գործընթացները կամ ինստիտուտները Վրաստանում, այդ թվում՝ 2024 թվականի հոկտեմբերին Վրաստանում կայանալիք ընտրությունների նախաշեմին, ընթացքում և դրանից հետո:
Բլինքենը հույս է հայտնել, որ Վրաստանի ղեկավարները «կվերանայեն «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը և քայլեր կձեռնարկեն երկրի ժողովրդավարական ու եվրատլանտյան ձգտումներն առաջ մղելու համար»: Պետքարտուղարը զգուշացրել է, որ Վաշինգտոնի հետագա որոշումները կախված կլինեն Վրաստանի իշխանությունների գործողություններից։