ԱՄՆ պետքարտուղարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ հերթական անգամ դատապարտելով Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի ընդունումը: «Վրաստանի քաղաքացիները դեմ արտահայտվեցին օրենքին, և մենք տեսանք, որ խաղաղ այլախոհությունը ճնշելու նպատակով բռնություն կիրառվեց: Դա խարխլում է Վրաստանի ժողովրդավարությունը, հակասում Թբիլիսիի եվրատլանտյան ինտեգրմանը և Միացյալ Նահանգների հետ ռազմավարական գործընկերությանը»,- ասված է Էնթոնի Բլինքենի հայտարարության մեջ:
Ի պատասխան՝ պետքարտուղարությունը վիզային սահմանափակման նոր քաղաքականություն է ներդնում: Այն կտարածվի Վրաստանում ժողովրդավարության խարխլման համար պատասխանատու անձանց և նրանց ընտանիքների անդամների վրա: Էնթոնի Բլինքենը նաև տեղեկացրել է, որ այսօրվանից սկսում են վերանայել նաև Միացյալ Նահանգներ-Վրաստան երկկողմ գործակցությունը:
Վրաստանից արձագանքել են: Երկրի խորհրդարանական մեծամասնության առաջնորդը հայտարարել է՝ Վրաստանի անկախությունը և ինքնիշխանությունը վիզայի դիմաց չեն վաճառվում: Մամուկա Մդինարաձեի կարծիքով՝ Թբիլիսիի նկատմամբ շանտաժի և սպառնալիքների քաղաքականություն է գործադրվում, որի նպատակն է թույլ չտալ հանրապետությանն ինքնուրույն որոշումներ կայացնել:
Վրացական կողմը նաև հայտնել է, որ մայիսի 27-ին խորհրդարանը օրինագծի նկատմամբ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած վետոն շրջանցելու ընթացակարգ կմեկնարկի։
Մանրամասները՝ ռեպորտաժում: