ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ մայիսի 27-ին կմեկնարկի հայ ժամանակակից երաժշտության 8-րդ փառատոնի առաջին համերգաշարը:
ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ փառատոնի նպատակն է երաժշտասեր հանրությանը ներկայացնել հայ ժամանակակից կոմպոզիտորների նոր ստեղծագործությունները, ինչպես նաև հայ կոմպոզիտորական արվեստի հանրահռչակումը:
Փառատոնի առաջին համերգաշարը բաղկացած կլինի երեք համերգից, որոնցից առաջինը տեղի կունենա Հայաստանի կոմպոզիտորների միության համերգասրահում: Համերգային երեկոյի ընթացքում կհնչեն կոմպոզիտորների միության 9 անդամի՝ Մարտուն Իսրայելյանի, Էդուարդ Հայրապետյանի, Արթուր Միտինյանի, Տիգրան Համբարյանի, Նաիրա Դիվանյանի, Նարինե Զարիֆյանի, Աննա Գարսոյանի, Գայանե Կեսոյանի, Զոհրապ Փարեմուզյանի կամերային ստեղծագործությունները, որոնցից մեծ մասը երաժշտասեր հանրությանը կներկայացվի առաջին անգամ:
Համերգաշարի երկրորդ համերգը կկայանա հունիսի 4-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը. այն նվիրվում է ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Գեղունի Չթչյանի 95-ամյակին: Կհնչեն Մարտին Ուլիխանյանի, Արսեն Հարությունի, Իրինա Խաչատրյանի, Աշոտ Ղազարյանի, Ժիրայր Շահրիմանյանի և Գեղունի Չթչյանի ստեղծագործությունները՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի կատարմամբ (դիրիժոր՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Ասատրյան):
Համերգաշարի երրորդ համերգը նվիրված կլինի ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Աշոտ Զոհրաբյանի հիշատակին: Հունիսի 17-ին Հայաստանի կոմպոզիտորների միության համերգասրահում երկու բաժնից բաղկացած համերգի առաջին բաժնում կհնչեն Աշոտ Զոհրաբյանի, իսկ երկրորդ բաժնում՝ նրա ստեղծագործական դասարանում ուսանած կոմպոզիտորների՝ Դավիթ Բալասանյանի, Վահրամ Սարգսյանի, Աննա Հակոբջանյանի, Հովիկ Սարդարյանի, Գոռ Իսպիրյանի ստեղծագործությունները: Կհնչեն նաև կոմպոզիտորին նվիրված ստեղծագործություններ, որոնք հեղինակել են Տիգրան Մանսուրյանն ու Արթուր Ավանեսովը:
Համերգների սկիզբը ժամը 19:00-ին է: Մուտքն ազատ է:
Հայ ժամանակակից երաժշտության 8-րդ փառատոնի երկրորդ համերգաշարը կմեկնարկի սեպտեմբերի երկրորդ կեսին: