Շառլ Ազնավուրի 100-ամյա հոբելյանի կապակցությամբ Փարիզի կենտրոնական պուրակներից մեկն անվանակոչվել է նրա պատվին: Արարողությանը ներկա են եղել մի շարք խորհրդարանականներ, Փարիզում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ, ֆրանսիացի հասարակական, քաղաքական և մշակութային գործիչներ, հարյուրավոր ֆրանսիացիներ և ֆրանսահայեր։
Միջոցառմանը հանդիսավոր բացվել է պուրակի անվանակոչումն ազդարարող հուշատախտակը՝ «Ֆրանսիացի արտիստ, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի անվան պուրակ» մակագրությամբ։ Առաջիկայում պուրակում կտեղադրվի նաև Շառլ Ազնավուրի արձանը:
Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանի խոսքով՝ «Ֆրանսիան մարմնավորող, համայն հայ ժողովրդի դեսպանը դարձած աշխարհահռչակ արվեստագետն իր անկրկնելի ձայնով և հուզառատ երգերով կարողացել է գերել միլիոնավոր սրտեր՝ դառնալով համաշխարհային երաժշտության անմար լեգենդ: Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրն անվերապահ և անմնացորդ Հայաստանի Հանրապետության կողքին էր և ակտիվորեն ներգրավված էր՝ ի նպաստ Հայաստանի իրականացրած բոլոր նախաձեռնություններում»:
Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն նշել է, որ կարևոր է Փարիզի սրտում համաշխարհային մեծության հայազգի արտիստի հիշատակը հավերժացնող պուրակի բացումը: Այս նախաձեռնությունն, ըստ քաղաքապետի նաև յուրօրինակ տուրք է Հայաստանին և հայ ժողովրդին Փարիզ քաղաքի անվերապահ նվիրվածության վկայություն: