Թայվանի նորընտիր նախագահ Լայ Ցինդաոյի պաշտոնավարման մեկնարկից ընդամենը մի քանի օր անց Պեկինը զորավարժություններ է սկսել կղզու մոտակայքում: Այդ մասին հայտարարել է Չինաստանի Ժողովրդաազատագրական բանակի արևելյան հրամանատարությունը։ Նախկինում ՉԺՀ իշխանությունները հայտարարել էին, որ Թայվան կղզին «Չինաստանի տարածքի անբաժանելի մասն է, իսկ Թայվանի խնդիրները Չինաստանի ներքին գործն են»։
Հայտարարությունում պարզաբանվում է, որ զորավարժություններին, որոնք սկսվել են մայիսի 23-ի առավոտյան, մասնակցում են Չինաստանի ցամաքային, ռազմածովային, օդային և հրթիռային ուժերը։ Դրանք կանցկացվեն Թայվանի նեղուցում, Թայվանի ափերից հյուսիս, հարավ և արևելք ընկած տարածքներում, ինչպես նաև Թայվանի կողմից վերահսկվող չորս կղզու շրջակայքում: Զորավարժությունները կտևեն մինչև մայիսի 24-ի երեկո:
«Սա նաև խիստ պատիժ է Թայվանի անկախության կողմնակիցների անջատողական գործողությունների համար և նախազգուշացում արտաքին ուժերի միջամտության և սադրանքների դեմ»,- Reuters-ը մեջբերել է ՉԺՀ բանակի Արևելյան հրամանատարության պաշտոնական ներկայացուցչի հայտարարությունը:
ՉԺՀ-ն Թայվանը դիտարկում է որպես իր ապստամբ նահանգ, և երկրի ղեկավար Սի Ծինպինը բազմիցս խոստացել է վերադարձնել կղզին՝ անհրաժեշտության դեպքում՝ նույնիսկ ուժի միջոցով: