Նախադպրոցական կրթության համակարգում նոր ծրագիր է փորձարկվում. 2024-2025 ուսումնական տարում Երևանի, Գյումրու, Հրազդանի և Վանաձորի 9 մանկապարտեզներում կբացվեն վաղ տարիքի խմբեր՝ նախատեսված 1-2 տարեկան երեխաների համար: Խմբերից յուրաքանչյուրում կընդգրկվի 20 երեխա: Նախադպրոցական կրթության ոլորտի բարեփոխումներով նախատեսված այս ծրագիրն իրականացվելու է համայնքային ենթակայությամբ գործող ՀՈԱԿ-ներում: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում այս մասին հայտնել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: «Սա դեռևս պիլոտային ծրագիր է, և ըստ արդյունքների, ծնողների արձագանքի ու ընդունելության ցուցանիշների՝ հետագայում խմբերը կավելանան»,- ասել է փոխնախարարը՝ ավելացնելով, որ երեխաների ցուցակագրումն իրականացվելու է համայնքների կողմից:
Նախադպրոցական կրթությունը որոշ խմբերի համար կիրականացվի պետական փոխհատուցմամբ
Նախադպրոցական կրթության նոր չափորոշչը ներդրվել է 190 նախադպրոցական հաստատությունում. այդ աշխատանքները շարունակական են, և հաջորդ տարվանից չափորոշիչը կկիրառվի 300 մանկապարտեզներում: ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ նախադպրոցական կրթության նոր չափորոշիչը ևս հիմնված է կարողունակությունների վրա. «Առանցքային խնդիրն այն է, որ երեխաները, բացի գիտելիք ձեռք բերելուց, ձևավորեն նաև հմտություններ, կարողություններ և արժեքային համակարգ: Դա հնարավորություն է տալիս ավելի ինտերակտիվ իրականացնել ուսուցման գործընթացը՝ ավելի շոշափելի վերջնարդյունքներ ապահովելով երեխաների համար»:
Նախադպրոցական կրթության մատչելիության ապահովման նպատակով պետական բյուջեից որոշակի խմբերի համար իրականացվում է փոխհատուցում. պետությունն ապահովում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների, սոցիալապես անապահով ընտանիքների և զինծառայողների երեխաների նախադպրոցական անվճար կրթություն ստանալու հնարավորությունը:
«2023 թվականի սեպտեմբերից զինծառայողների ընտանիքիներն օգտվում են պետական փոխհատուցումից, իսկ 2024 թվականի սեպտեմբերից ծրագրի շահառու կհանդիսանան նաև սոցիալապես անապահով խմբերի ընտանիքների երեխաները: 2024 թվականի համար այս ծրագրի բյուջեն կազմում է 1 մլրդ 839 մլն դրամ: Բոլոր երեխաների համար նախադպրոցական հասանելի կրթություն ունենալու հեռանկարը շատ ենք կարևորում»,- ասել է Արաքսիա Սվաջյանը: