ՀՀ ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանի 100-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի աջակցությամբ մայիսի 23-ին Երևանի Թումանյանի անվան այգում բացվել է մեծանուն հայ արվեստագետի «Որս» քանդակը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Քանդակի տեղադրմանը նախորդել է ակտիվ աշխատանքային համագործակցություն Հակոբ Հակոբյանի 100-ամյակի հոբելյանական միջոցառումները կազմակերպող աշխատանքային խմբի, մասնավորապես՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Երևանի քաղաքապետարանի հետ:
Հակոբ Հակոբյանի «Որս» քանդակի պաշտոնական բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, ՀՀ նախագահի խորհրդական Վահրամ Դումանյանը, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, Հակոբ Հակոբյանի դուստրը՝ Նորա Հակոբյանը, անվանի արվեստագետներ և արվեստասերներ:
Երևանի Թումանյանի անվան այգում տեղադրված քանդակի կատարումն իրականացրել է քանդակագործ Համլետ Մատինյանը: Նա Հակոբ Հակոբյանի «Որս» քանդակի գիպսե բնօրինակը մարմնավորել է բրոնզի մեջ:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը շնորհավորել է անվանի արվեստագետի քանդակի բացման կապակցությամբ և ընդգծել քանդակի տեղավայրի ընտրության կարևորությունը. «Քանդակը հրաշալի կերպով ինտեգրվում է բնապատկերին՝ կարծես լրացնելով բնության ամբողջականությունը: Լիահույս եմ՝ տեղադրվելով Թումոյի այգում՝ երիտասարդական ակտիվ վայրում, այս քանդակը և Հակոբ Հակոբյանի արվեստը, առհասարակ, ոգեշնչելու են երիտասարդներին՝ լինել ստեղծագործ և նորարար»,- ասել է Դանիել Դանիելյանը՝ հավելելով, որ Հակոբյանի արվեստը միշտ արդիական է:
ՀՀ նախագահի խորհրդական Վահրամ Դումանյանը ևս ողջունել է ներկաներին՝ նշելով, որ Նախագահը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում հայ մշակութային արժեքների պահպանմանը և հանրահռչակմանը վերաբերող հարցերը. «Դժվար ժամանակներում մշակույթն ու կրթությունն են փրկիչ ճանապարհը, և հենց դրանք են ծառայում գաղափարական, արժեհամակարգային խնդիրների լուծմանը»:
Նշենք, որ ստեղծագործական երկար տարիների ընթացքում Հակոբ Հակոբյանին մշտապես հուզել է մարդու թեման, կյանքի տարբեր փուլերում կենցաղային կամ այլաբանական կողմերից նրան ներկայացնելու կերպը:
1980-ական թվականներից հեղինակը հրապուրվել է քանդակներով, աշխատանքային գործիքներից ստեղծել է աննախադեպ կոմպոզիցիաներ: Մասնավորապես՝ 2000-ականներին է ընդլայնվել Հակոբ Հակոբյանի մանրաքանդակների պատկերագրությունը՝ ավելի ընդգրկուն ներկայացնելով մարդկային էությունն ու կենդանություն հաղորդելով քանդակին: Այդ շարքից է «Որս» քանդակը, որի բրոնզե հորինվածքն այդ տարիների տիպական գործերից է: Պլաստիկական միջոցներով նա ներկայացնում է մարդկային էությունը՝ տագնապի և լարվածության մթնոլորտում բացահայտելով իր հերոսներին:
Նշենք, որ Հակոբ Հակոբյանի ստեղծագործությունները պահվում են ընտանիքի, Հայաստանի ու արտերկրի բազմաթիվ թանգարաններում և մասնավոր հավաքածուներում։