ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է Հայաստանի վարչապետի վերջին խոսքերն այն մասին, որ ՀԱՊԿ անդամ երկու երկրիր օգնել է Ադրբեջանին 2020 թվականին Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ժամանակ։
«Ճիշտն ասած, ինձ հետաքրքիր է, թե ինչ երկրների մասին էր խոսում Հայաստանի վարչապետը»,- ասել է Զախարովան և հարց հնչեցրել. «Մենք պետք է ինքնե՞րս կռահենք, թե՞ մեզ կհուշեն: Ինձ թվում է, որ դրանք բարձրաձայնելը միանգամայն տրամաբանական կլինի, եթե խոսքը նման լուրջ հայտարարությունների մասին է»։
«Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա արվել է հնարավոր ամեն ինչ, և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այդ մասին խոսել է 2020 թվականի հոկտեմբերի 17-ին ռուսական հեռուստատեսությամբ»,- հիշեցրել է Զախարովան և մեջբերել Պուտինի խոսքերը. «Որպեսզի Հայաստանը իրեն լքված և մոռացված չզգա»: