ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մայիսի 23-ին հանդիպել է Հայաստանում Նորվեգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Բերգլյոտ Հովլանդին: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
Շնորհավորելով Բերգլյոտ Հովլանդին Հայաստանում դեսպան նշանակվելու առիթով՝ Սարգիս Խանդանյանը հույս է հայտնել, որ համատեղ նոր ծրագրերի իրականացումը տարբեր ուղղություններով շարունակական և արդյունավետ կլինի:
Նորվեգիայի դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ խոսքերի համար՝ նշելով, որ պատրաստ է իր ներդրումն ունենալ երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում: Նրա խոսքով Նորվեգիան բարձր է գնահատում վերջին տարիներին ՀՀ-ում իրականացված ժողովրդավարական բարեփոխումները:
Կարևորելով Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության դերակատարումը՝ հանձնաժողովի նախագահը ողջունել է Նորվեգիայի` առաքելությանը միանալու նախաձեռնությունը:
Սարգիս Խանդանյանը շնորհակալություն է հայտնել «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» երկրորդ ծրագրի իրականացման հարցում Նորվեգիայի մասնակցության համար: Նա կարևորել է խորհրդարանի կարողությունների զարգացմանը նպատակաուղղված աջակցությունը:
Հանձնաժողովի նախագահը ներկայացրել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար իրականացվող աջակցության ծրագրերը:
Քննարկվել են համագործակցության, ինչպես նաև տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր:
Կարևորվել է համանուն հանձնաժողովների միջև փոխգործակցության ակտիվացումը: