ԱՕԿՍ-ի շենքը այդքան կարևոր շենք է Երևանի համար. լավ, մենք վերադարձրինք. տարիներով չմնա դռները փակ: Այստեղ էլ հարց կա, որ մենք պետք է շատ ինտենսիվ որոշում կայացնենք, որ գույքը ծառայի: Մենք ասում ենք՝ մասնավորը վերցրեց, ոչ մի բան չի անում, Կառավարությունն էլ կարող է վերցնել ու ոչ մի բան չանել. նույն պրոբլեմն է։ Շատ ինտենսիվ է պետք աշխատել. արագ գույքը վերադարձնել շրջանառության, որևէ եղանակով, իհարկե, պետք է քննարկվի ամեն դեպք առանձին, թե ինչ անել։ Այդ մասին Կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հետաքրքրվեց, թե ԱՕԿՍ-ի հետ կապված ինչ պլաններ կան։
«ԱՕԿՍ-ի շենքը վարձակալությամբ հանձնելու որոշման նախագիծն արդեն Կառավարությունում է և առաջիկա նիստերին արդեն կքննարկվի։ Մենք գույքի շուկայական գնահատում ենք իրականացնում՝ մրցութային եղանակով հանձնելու վարձակալության այնտեղ որևէ գործունեություն իրականացնելու նպատակով՝ իհարկե հաշվի առնելով շենքի պատմամշակութային բնույթը և սահմանափակումներ ենք կիրառել ԿԳՄՍ նախարարության առաջարկությամբ շենքի վերափոխման, ձևափոխման և այլ հարցերի հետ կապված»,- ասաց Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը։