Չզեկուցվող հարցերի մեջ, ինչպես և նախորդիվ, Կառավարության գրեթե բոլոր նիստերի չզեկուցվող հարցերում ունենք Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացվող գույքերի վերաբերյալ որոշումներ։ Այսօր ամրացնում ենք Գավառ համայնքի Նարեկացու փողոց 3 հասցեում գտնվող 0.431 հա մակերեսով հողամասը և հողամասի վրա կառուցված շենք-շինությունը. գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը մոտ 30 մլն դրամ է։ Կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
«Նշեմ, որ Դատախազությունն առաջարկել է, և առաջարկն ընդունվել է, որպեսզի գույքն անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով ամրացվի Հայաստանի Հանրապետության ԱՍՀՆ ենթակայությամբ գործող «Գավառի մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը. մանկատունը չի կարող գույքը հանձնել վարձակալության կամ որևէ իրավունքով տրամադրել այլ անձանց։ Որոշման նախագծով ամրագրվել է, որ անշարժ գույքը շահագործվելու է մանկատան երեխաների կրթական, սպորտային, մշակութային միջոցառումները և նրանց այլ ժամանցը կազմակերպելու նպատակով»,- ասաց դատախազը։
Նա տեղեկացրեց, որ գույքը նախկինում պատկանել է Գավառի մանկատան նախկին տնօրենին և ձեռքբերված է եղել օրենքի խախտմամբ. դրա վերաբերյալ կա քրեական վարույթ։ «Նշեմ, որ ԱՍՀ նախարարության հետ համատեղ աշխատանքի արդյունքում հնարավոր եղավ գույքը վերադարձնել, նորից չափագրել, որովհետև կար ապօրինի կառուցված շենք-շինություն։ Անկեղծ ասած, ես սկզբից մտադրություն ունեի շենքը հիմնահատակ քանդելու, քանի որ գույքը կառուցված էր 60-րդ հոդվածի սահմանափակում ունեցող տարածքում՝ մանկատանը պատկանող այգում, բայց հետագայում, նաև գույքի հնարավոր պոտենցիալը տեսնելով, գործընկերների հետ քննարկեցինք, որ ավելի ճիշտ կլինի որպես հանրային սննդի օբյեկտ՝ գարեջրատուն ծառայող տարածքը տալ մանկատանը, որպեսզի մանկատունը կարողանա կրթական և սոցիալական ծրագրեր իրականացնել երեխաների համար»,- ասաց գլխավոր դատախազը։
Աննա Վարդապետյանը ներկայացրեց, թե նախորդ 8 ամիսների ընթացքում ինչ գույքեր են ամրացվել Պետական գույքի կառավարման կոմիտեին։ «Նշեմ, որ ընդհանուր առմամբ մեր երկու բացառիկ լիազորությունների՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակներում պետությանն արդեն վերադարձվել է 11 մլրդ դրամի գույք և արժույթ։ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակներում Հայաստանի Հանրապետության սեփականությանն է փոխանցվել 7 անշարժ և մեկ շարժական գույք՝ ընդհանուր 4 մլրդ 118 մլն դրամ արժեքով, և ՀՀ սեփականությանն է փոխանցվում 609 մլն դրամ, որից 270 մլն-ը արդեն մուտք է արված գանձապետական հաշվին»։
Նա նշեց, որ պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակներում ներկայացված հայցերով վերականգնվել է ավելի քան 6 մլրդ դրամին համարժեք գույք։ «Հենց այսօր ուժի մեջ է մտնում հաշտություն, որը հաստատվել էր Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանի կողմից Երևան քաղաքի դատախազության և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի վարույթում գտնվող՝ քաղաքացիական գործով պատասխանող «Սոխոսենթր» ՍՊ ընկերության միջև հաշտությամբ, և պետությանն է վերադարձվում Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում 253.8 քմ ներքին մակերեսով տարածքները, որոնց շուկայական մոտարկված արժեքը 1 մլրդ դրամ է։ Նաև նշեմ, որ տարածքում արդեն վարձակալական հիմունքներով գործում է սրճարան, և վարձակալության պայմանագրի քննարկման արդյունքում որոշվեց պահպանել, և այսուհետ վարձակալական վճարները կստանա պետությունը՝ 5 տարի նվազագույնը, 5 տարի երկարացման հնարավորությամբ, տարեկան մոտ 38 մլն դրամ։ Ի սկզբանե գույքը նախատեսվում էր ստեղծել որպես գրադարան և դպրոցապատկան գույք էր, ըստ էության, Չայկովսկու դպրոցին էր պատկանում տարածքը։ Շենքի սեփականատերերը շենքի 5-րդ հարկում իրենց նախաձեռնությամբ առանձին կրթական հատված են առանձնացրել, որը ծառայում է որպես գրադարան, և հաշտության համաձայնության մեջ նաև տող է նախատեսված, որ քանի որ գույքը, որը հանձնում են արդեն որոշակի եկամտաբերությամբ, ծանրաբեռնված է, պետական մարմինները կարող են իրենց կրթական և մշակութային միջոցառումներն այդ ամբողջ վարձակալության ընթացքում, կարծում եմ՝ հատկապես ԿԳՄՍՆ-ն հետաքրքրված կլինի, բոլոր միջոցառումներն իրականացնել այս տարածքում»,- ասաց դատախազը։
«Մենք այսօր ուժի մեջ մտնելուց հետո վճիռը կներկայացնենք Կադաստրի պետական կոմիտե, այնուհետև կգրանցենք պետության սեփականության իրավունքը կառուցապատման, ավարտական ակտը ստանալուց հետո, նոր կամրացնենք Պետական գույքի կառավարման կոմիտեին»,- նշեց նա։
Աննա Վարդապետյանը հիշեցրեց, որ նախորդ երեք նիստերով երեք անտառային տարածքներ են ամրացրել Պետգույքի կոմիտեին։ «Դրանք 24 993 քմ մակերեսով, 20 021 քմ և 10 000 քմ մետր մակերեսով հատուկ պահպանվող կատեգորիայի հողամասեր են: Այս ցանկը դեռևս կշարունակվի. վճիռների ուժի մեջ մտնելու ընթացքի մեջ է»,- ասաց նա։