ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցին։
«ՀՀ «Գնումների մասին» օրենքով ավելի քան երկու տարի է՝ նախատեսված է մի նորմ, որի համաձայն՝ քաղհասարակությունը, հասարակական կազմակերպությունները և հետաքննիչ լրագրողները և մրցույթին մասնակցած, սակայն հաղթող չճանաչված կազմակերպությունները իրավունք ունեն վերահսկելու պայմանագրերի կատարման ընթացքը և ներկայացնել խորհրդատվական բնույթի դիրքորոշում, որը պետք է ստանա արձագանք և հրապարակվի»,- ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ նորմը ճանաչվել է նորարարական միջազգային կազմակերպությունների կողմից, օրինակ՝ ՏՀԶԿ, «Բաց կառավարման գործընկերություն», ԵՄ ՍԻԳՄԱ ծրագրի կողմից։
«Վերջին տարիների վիճակագրությունը ցույց է տվել քաղհասարակության ցածր մասնակցությունը։ Քաղհասարակության գործընկերների հետ համատեղ կազմակերպված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ցածր մասնակցության առանցքային պատճառներից է համեմատաբար բարդ ընթացակարգը, որի պայմաններում այս կամ այն ՀԿ-ն ստիպված է ամեն պայմանագրի համար նորից ու նորից հավաքել և ներկայացնել նույն փաստաթղթերը՝ յուրաքանչյուր անգամ անցնելով դրանց վավերացման գործընթացը։ Կառավարության սույն որոշումը կոչված է զգալիորեն պարզեցնելու մասնակցության գործընթացը ինչպես քաղհասարակության, այնպես էլ պատվիրատուների համար։ Համաձայն որոշման՝ Ֆինանսների նախարարությունը վարելու է ՀԿ-ների և լրագրողների ցուցակ, որում ներառվելը կնշանակի, որ ՀԿ-ն այլևս կարիք չի ունենա յուրաքանչյուր պայմանագրի համար դիմելու պատվիրատուին։ Ցուցակում ներառվելու համար յուրաքանչյուր կազմակերպություն պետք է Ֆինանսների նախարարություն ներկայացնի գործունեության իրականացման էլփոստի հասցեները, ՀԿ-ի պետական գրանցման վկայականի պատճենը կամ նույնականացման համար անհրաժեշտ այլ փաստաթղթեր, վերահսկման գործընթացում առաջարկվող դիտորդների տվյալներ և հայտարարություն շահերի բախման առկայության դեպքում պայմանագրի արդյունքի ընդունման գործընթացին չմասնակցելու պարտավորությոան մասին»,- ասաց նախարարը։
Վահե Հովհաննիսյանն ընդգծեց, որ միանալով ցուցակին՝ կազմակերպությունները պարտավորվում են գործել ողջամտության սահմաններում, շինարարության վերահսկողության դեպքում չխանգարել շինարարական աշխատանքների ընթացքին և պահպանել անվտանգության նորմերը։ «Ցուցակը բաց է, և գործելու է անժամկետ։ Ապագայում, կախված համակարգի գործարկման արդյունքներից, կքննարկվի ցուցակում ինչպես ՀԿ-ներին, այնպես էլ իրենց ներկայացուցիչներին ներկայացվող պահանջների սահմանումը՝ թիրախավորելով կարողությունների զարգացումն ու թափանցիկությունը։ Ավելին՝ ցուցակում ներառված կազմակերպությունների համար Ֆինանսների նախարարությունը կիրականացնի կարողությունների զարգացման ծրագրեր։ Մենք հավատացած ենք, որ գնումներին մեր քաղհասարակության առավել ակտիվ ներգրավվածությունը կբարձրացնի որակի հսկողությունն ու հանրային միջոցների օգտագործման արդյունավետությունը»,- նշեց նա։
«Մենք փորձնական եղանակով Ֆինանսների նախարարության հետ, ՀԿ-ների և լրագրողների հետ արդեն իսկ իրականացրել ենք երկու շրջայց, քննարկել ենք և պատրաստակամություն ենք հայտնել, որ Քաղաքաշինության կոմիտեն պատրաստ է իրականացնել վերապատրաստման կուրսերը, թե ինչին իրենք ուշադրություն դարձնեն այցելելիս և շինարարական անվտանգության կանոնները պահպանելու համար»,- ասաց քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը։
«Սա էլ կարող է առիթ լինել, որ շինհրապարակների կուլտուրան որոշակիորեն բարելավվի։ Հույս ունեմ, որ մեր հանրային սեկտորն ավելի ակտիվ կլինի այս իրավիճակներում, և սա նաև որոշման լավարկում է, որը շարունակաբար ի ցույց է դնում թափանցիկության սկզբունքի նկատմամբ Կառավարության վերաբերմունքը»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։