Միացյալ Նահանգները դիտարկում է Հայաստանի ներկայացրած դիմումները՝ որոշելու՝ ինչ քայլեր կարող է նախաձեռնել Վաշինգտոնը՝ ամրապնդելու Երևանի հետ գործակցությունը և Հայաստանին տրամադրվող աջակցությունը: Նման հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղարը՝ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ։ Էնթոնի Բլինքենը, սակայն, չի մանրամասնել՝ ինչ հարցումների և ինչ բնույթի աջակցության մասին է խոսքը:
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուրջ աշխատանք է կատարել՝ առաջնորդելով իր երկիրը դժվարին ժամանակներում: Մենք ուզում ենք երաշխավորել, որ բոլորը, այդ թվում՝ ԼՂ-ից հեռացած մարդիկ, աջակցություն ստանան»,- ընդգծել է Բլինքենը:
Դիվանագետը հիշեցրել է, որ ապրիլին Հայաստան-ԱՄՆ-ԵՄ բրյուսելյան եռակողմ հանդիպումն անցկացվել է՝ հասկանալու, թե լրացուցիչ ինչ ջանքեր կարող են գործադրել Վաշինգտոնը և Բրյուսելը՝ Հայաստանին աջակցելու համար։ «Առաջ ենք շարժվելու մի շարք ուղղություններով»,- հավելել է Բլինքենը:
Պետքարտուղարը հույս է հայտնել, որ Հայաստանը և Ադրբեջանը խաղաղության պայմանագիր կստորագրեն:
Լսումների ժամանակ կոնգրեսական Ջիմ Կոստան, դիմելով Բլինքենին, պնդել է, որ Վաշինգտոնը պետք է պատասխանատվության ենթարկի Ադրբեջանին՝ «Լեռնային Ղարաբաղում հայերի ցեղասպանության համար»: Նա նաև շեշտել է՝ Բաքվին չի կարելի վստահել, որովհետև ադրբեջանական կողմը բազմիցս խախտել է Հայաստանի հետ ձեռք բերած պայմանավորվածությունները:
«Լավագույն լուծումը խաղաղության պայմանագրի ուղղությամբ առաջընթացն է: Դա բխում է Հայաստանի, Ադրբեջանի և ամբողջ տարածաշրջանի շահերից,- պատասխանել է Բլինքենը: