Հորդանանի Արտաքին գործերի նախարար Այման Սաֆադին Ամմանում Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոյի հետ հանդիպումից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսում ասել է, որ Պաղեստինի Պետության ճանաչման՝ Նորվեգիայի, Իռլանդիայի և Իսպանիայի քայլը պայմանավորված է Իսրայելի «վտարանդի» կարգավիճակով։
«Մենք բարձր ենք գնահատում այդ որոշումը: Դա հիմնարար և անհրաժեշտ քայլ է և ակնկալում ենք, որ շուտով ավելի շատ եվրոպական երկրներ պաշտոնապես կճանաչեն Պաղեստինի Պետության անկախությունը»,-ասել է Սաֆադին:
Միևնույն ժամանակ Հունգարիայի արտաքին գործերի նախարար Սիյարտոն ասել է, որ իր երկիրը չի պատրաստվում հետևել եվրոպական հարևաններին:
Նա վերահաստատել է Հունգարիայի աջակցությունն Իսրայելին՝ ՀԱՄԱՍ-ից իր քաղաքացիների պաշտպանության հարցում, շարժումն էլ անվանել է «ահաբեկչական կազմակերպություն»:
Չորեքշաբթի Իռլանդիայի, Իսպանիայի և Նորվեգիայի արտգործնախարարները հայտարարել են, որ մայիսի 28-ին կճանաչեն Պաղեստինի Պետությունը և հույս հայտնել, որ արևմտյան մյուս երկրները կհետևեն իրենց օրինակին:
Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացն, ի պատասխան, հրահանգել է անհապաղ վերադարձնել իսրայելցի դեսպաններին եվրոպական այդ երեք երկրից խորհրդակցությունների համար և նախազգուշացրել է հետագա «լուրջ հետևանքների» մասին: