ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մայիսի 22-ին ընդունել է մեր երկրում Սլովենիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մատեյա Պրևոլշեկին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։
Ողջունելով հյուրին` Սարգիս Խանդանյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություն իր առաքելության ընթացքում: Խոսելով միջխորհրդարանական հարաբերությունները խորացնելու անհրաժեշտության մասին՝ հանձնաժողովի նախագահն առաջարկել է զարգացնել նաև համանուն հանձնաժողովների միջև համագործակցությունը:
Սարգիս Խանդանյանն արժևորել է Սլովենիայի հետ փոխգործակցությունը նաև Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ձևաչափում:
Կողմերը համաձայնել են, որ մի շարք ոլորտներում՝ տնտեսական, զբոսաշրջության կա չիրացված ներուժ: Հանձնաժողովի նախագահն անդրադարձել է տարածաշրջանում անվտանգային իրավիճակին, վերջին զարգացումներին, ներկայացրել ՀՀ կառավարության հեղինակած «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպանը դրական է գնահատել երկու երկրների խորհրդարանական հարաբերությունների ներկա մակարդակը:
Մատեյա Պրևոլշեկը նշել է, որ Սլովենիան հետևում է Հայաստանում ընթացող գործընթացներին և աջակցում տարածաշրջանում երկարատև խաղաղություն հաստատելուն ուղղված հայկական կողմի ջանքերին: