ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահման որոշելու համար գծված քարտեզների ընդհանուր թիվը 19 հատ է: Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի հարցին՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«19 հատով գծված է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ամբողջ սահմանը: Սա արդեն իրողություն է: Այն արձանագրությունը, որ ստորագրվել է 2024 թվականի ապրիլի 29-ին, իրողություն է, պայմանավորվածություն է, անկյունաքար է, և այդ պայմանավորվածությունը չի կարող առաջ չգնալ: Տեմպերը տարբեր կարող են լինել, բայց այդ պրոցեսը պետք է գնա, երկու պետություն ստորագրել են, որ պետք է գնա առաջ, և մենք չենք կարող անլրջացնել մեր ստորագրությունը:
Իմիջիայլոց, ի հեճուկս բոլոր բարդությունների, մենք ԱԽ-ում քննարկումներ ենք ունեցել և ասել ենք, որ սա էլ է ինքնիշխանության հարց, որ ի հեճուկս բոլոր բարդությունների մենք ճշգրտորեն, ճիշտ ժամկետներում, ճիշտ ժամանակին իրականացնենք այն, ինչ պարտավորվել ենք որպես պետություն:Դա ինքնիշխանության շատ կարևոր ատրիբուտ է, երբ որ դու այդքան քաղաքական կամք ունես, դնում ես քո ստորագրությունը, և ի հեճուկս բոլոր դժվարությունների գնում և իրագործում ես քո ստանձնած պարտավորությունը, և դիմացինն էլ իրագործում է իր ստանձնած պարտավորությունը: Բայց այդ պարտավորությունը դու ուրիշի առաջ չէ, որ ստանձնել ես, այլ քո պետության, քո պետական շահերի, քո պետականությունը, անկախությունը, ինքնիշխանությունը ուժեղացնելու նկատմամբ: Մենք գնալու ենք այս ճանապարհով: Ես գիտեմ, որ հոռետեսությունը շատ մեծ է, բայց այդ հոռետեսության հետ էլ մենք պետք է աշխատենք: Դա աշխատանք է, դա ինչ-որ ալքիմիական գործողություններ չեն: Դա աշխատանք է, որը մենք սկսել ենք, և պետք է այս աշխատանքը տանենք մինչև վերջ՝ միասին, այդ թվում՝ խորհրդարանական գործընկերների աջակցությամբ:
Առաջիկա փուլերում, ինչքան գնա, խորհրդարանի ներգրավվածությունն ավելի մեծանալու է, և դա լավ է: Մենք կմտնենք մի փուլ, որտեղ լիարժեք թափանցիկ ենք աշխատում: Քարտեզները հատ-հատ կերևակվեն, և քաղաքացիների համար պարզ կլինի»,- ասաց վարչապետը:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք սահմանազատումն անվտանգության երաշխիք է, ապա Փաշինյանն ասաց. «Այո՛, ավելի լավ երաշխիք գոյություն չունի: Այլ բան, որ մենք սահմանազատումը պետք է ամբողջականացնենք, և մենք այս պրոցեսը մեկնարկել ենք որպես ամբողջական սահմանազատման գործընթացի նախնական փուլ: Սահմանազատումը անվտանգության երաշխիք է: Սահմանազատումը միայն անվտանգության երաշխիք չէ, սահմանազատումը անկախության, ինքնիշխանության, պետականության երաշխիք է, որովհետև չի կարող լինել պետություն առանց կոնկրետ տարածքի: Ինչքան պետության տարածքը կոնկրետ չէ, այնքան մենք գործ ունենք չպետության հետ, այլ ոչ թե պետության հետ»: