Բելառուսի նախագահն ասել է այն, ինչ ես 4 տարի փորձում եմ ասել ՀՀ-ին, բայց, հասկանալիորեն, ուղիղ չեմ կարողանում ասել: Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսպես արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանին, թե 2024 թվականի մայիսի 16-ին տեղի է ունեցել Ալիև-Լուկաշենկո հանդիպում, որի ընթացքում Բելառուսի նախագահը մի շարք հայտարարություններ է արել:
Լուկաշենկոն հանդիպմանը հիշել էր 44-օրյա պատերազմից առաջ իր և Ալիևի քննարկումը, որի ժամանակ, իբր, եզրակացրել են, թե պատերազմում կարելի է հաղթել, որից հետո շատ կարևոր է լինելու այդ հաղթանակը պահելը: Լուկաշենկոն նաև նշել է, թե իբրև այդ դժվարին ժամանակը եկել է, և այժմ անհրաժեշտ է «վերակենդանացնել հողերը, վերադարձնել մարդկանց»: ՔՊ պատգամավորը հարցրեց Փաշինյանի կարծիքը հայտարարության մասին:
«Ուզում եմ ուղիղ ասել այն, ինչ 4 տարի այլաբանորեն ուզում եմ ասել: 2020 թվականի 44-օրյա պատերազմի նախապատրաստությանը մասնակցել են ոչ մեր կողմից մեր դաշնակիցները, և ես ՀԱՊԿ-ի առնվազն երկու երկիր գիտեմ, որ մասնակցել է մեր դեմ պատերազմի նախապատրաստությանը: Այդ երկրները, հնարավոր է, իմիտացիա են ստեղծել, որ ուզում են մեզ օգնել կամ իբր մեզ օգնել են, բայց ես ուզում եմ ասել՝ այդ պատերազմը նույնիսկ ԼՂ-ի մասին չի եղել, որովհետև ես [ԱԺ] քննիչ հանձնաժողովում ցույց եմ տվել, որ ԼՂ հարցnվ իրենք իրենց մեջ վաղուց փակել են: Այդ պատկերացումը եղել է ՀՀ-ի չակնկալիքների մասին: Այդ պատերազմի նպատակը եղել է ՀՀ անկախ պետության չգոյությունը»,- ասաց Փաշինյանը:
Ըստ վարչապետի՝ «չակնկալիքը» չի արդարացել ոչ միայն 44-օրյային, այլև 2021-ի մայիսին՝ ԱԺ ընտրությունների ժամանակ, 2022-ի սեպտեմբերին, 2023-ի սեպտեմբերին, նաև 2024-ի մայիսին:
Փաշինյանը նաև հիշեցրեց իր այն հայտարարությունը, որ եթե 1-2 տարի կարողացան պետությունը պահել, առաջիկա 50-100 տարվա համար պետության գոյությունը երաշխավորվում է:
«Այս սահմանազատման գործընթացով, կարող է ասածս նույնիսկ չափազանցություն թվալ, բայց խնդրի 60 տոկոսը լուծել ենք»,- ասաց նա:
Ըստ Փաշինյանի՝ տեղի ունեցող իրադարձություններն այն բանի համար են, որպեսզի չարմատանա գիտակցություն, թե այսօր Կիրանցում, Ոսկեպարում, Բերքաբերում պետության անկյունաքարերն են շարվում:
«Այո՛, Լուկաշենկոն ճիշտ է ասել: Այստեղս հասավ (ցույց է տալիս ճակատը - խմբ.), մինչև հասա նրան, որը դա հրապարակային ասի: Բայց ես ուրախ եմ, որ կարողացա հասնել դրան, որ ասի հրապարակային: Էլի կան մարդիկ, որ այս մասին պետք է հրապարակային ասեն»,- ասաց նա: