Ես հիշեցի, որ Հայ Առաքելական Եկեղեցին այլ երկրներում էլ նման հարցեր բարձրացնում է, և մտածեցի, որ ՀՀ-ի և այլ երկրների նկատմամբ վերաբերմունքը, ըստ էության, գալիս և նույնանում է: Այս մասին այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանի հարցին, թե Հայ Առաքելական Եկեղեցին ՀՀ-ից պահանջում է 5 գյուղ։
«Ես հիշում եմ, որ Հայ Առաքելական Եկեղեցին Թուրքիայի դեմ այդպիսի հայցապահանջներ ներկայացնում էր և ներկայացրել էր: Ամենևին չեմ զարմանա, եթե նույն տրամաբանությամբ առաջնորդվի Հայաստանի նկատմամբ: Եվ սա ինքնին բավականին խոսուն փաստ է, ընդ որում՝ ժամանակին ես առաջարկել եմ, որ Կառավարությունը և Հայ Առաքելական Եկեղեցին համատեղ մի նախագիծ անեն, որովհետև այսօր հարյուրավոր պատմամշակութային հուշարձաններ փլուզվում են, և ես առաջարկել եմ համատեղ իրականացնել այդ հուշարձանների պահպանման և վերականգնման աշխատանքները, բայց այդ թեման հետաքրքիր չի եղել Հայ Առաքելական Եկեղեցու համար: Ենթադրում եմ՝ դրա համար կա մի ֆունդամենտալ պատճառ. ինչպես Կառավարության կողմից արված ներդրումները, այնպես էլ Եկեղեցու կողմից արված ներդրումները պետք է լինեին թափանցիկ և հաշվետվողական, իսկ դա գործնականում միշտ չէ, որ հնարավոր է լինում»,- ասաց վարչապետը: