Մենք վերարտադրում ենք Խորհրդային Միության փլուզման պահին դե յուրե գոյություն ունեցած սահմանները, և դա նշանակում է, որ մենք նոր սահման չենք ստեղծում, այլ վերարտադրում ենք գետնի վրա սահմանային այն գիծը, որը իրավականորեն գոյություն է ունեցել Խորհրդային Միության փլուզման պահին: Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի՝ սահմանազատման քարտեզների վերաբերյալ հարցին:
«Մենք սահմանազատումն իրականացրել ենք կոնկրետ այս տարածքում՝ Բաղանիս, Ոսկեպար, Կիրանց, Բերքաբեր գյուղերի հատվածներում, Խորհրդային Միության փլուզման պահին դե յուրե գոյություն ունեցած սահմանների վերարտադրություն դե յուրե իրավական ուժ ունեցող քարտեզների հիման վրա: Իսկ կոնցեպտի առումով ես այսօր իմացա, որ ԱԺ-ում բանավեճ է եղել կառավարող մեծամասնության և ընդդիմության միջև հետևյալ հարցի վերաբերյալ: Երբ որ հարց է առաջադրվել ընդդիմությանը, թե ինչքան է ՀՀ-ի ինքնիշխան տարածքը, և այդ հարցին, ինչքան հասկացա, կոնկրետ պատասխան չի հնչել: Այստեղ է կոնցեպտուալ բանավեճը:
Մենք ասում ենք ՀՀ ինքիշխան տարածքը 29.743 քառակուսի կմ է, և սա իրական Հայաստանի հայեցակարգն է: Այ այն մարդիկ, ովքեր չեն տալիս այս հարցի պատասխանը, նրանք պատմական Հայաստանի հայեցակարգի կրողներն են: Մենք պետք է այս տրամաբանությունը ճիշտ հասկանանք և լավ հասկանանք: Որովհետև եթե որևէ մեկն ասում է, որ ՀՀ ինքնիշխան տարածքը 29.743 քառակուսի կմ չէ, մեր ընդդիմադիրները, իրենց կարծիքով, ճանապարհ են բացում, որպեսզի ասեն, որ ՀՀ ինքնիշխան տարածքը, ասենք, 300 հազար քառակուսի կմ է, բայց նրանք չեն ըմբռնում կամ եթե ըմբռնում են՝ ավելի վատ, որ նույն ձևով ճանապարհ են բացում ուրիշների համար, որ նրանք էլ ասեն՝ ՀՀ ինքնիշխան տարածքը 23 քառակուսի կմ է, 1000 չէ, հենց 23 քառակուսի կմ, և այն, ինչ որ հիմա ուզում են անել, ես նախորդ անգամ ասեցի՝ այստեղ բանավեճը զուտ քառակուսի կիլոմետրի մասին չէ, այստեղ բանավեճը՝ ՀՀ ինքնիշխան պետություն գոյություն ունի՞, թե՞ գոյություն չունի: Երբ որ դու պետություն ես՝ առանց կոնկրետ տարածքի, դու չես կարողանում նույնականացնել քո տարածքը, ինչ-որ առումով դու ընկնում ես չպետության դաշտ, և մարդիկ, ովքեր գալիս են, ասում են՝ մենք չակնկալիքների շարժում ենք անում: Էդ չակնկալիքների շարժումը տանում է ուղիղ դեպի չպետություն, չանկախություն, չինքնիշխանություն և չքաղաքացիություն, այսինքն՝ սրանում է այս ամբողջ կոնցեպտուալ բանավեճը: Նրանք ուզում են, որ ՀՀ-ում մարդիկ Երևան քաղաքի կենտրոնի սրճարանում նստած երազեն Կարսի մասին և այդպիսով կորցնեն Երևանը: Այստեղ են իրական Հայաստանի և պատմական Հայաստանի տարբերությունները: Նրանք ուզում են, որ մարդիկ իրական Կապանում նստած երազեն Զանգելանի կամ, ինչպես իրենք են ասում՝ Սանասարի մասին, և դրանով կորցնեն իրական Հայաստանը և իրական Կապանը: Ընտրությունը շատ պարզ է: Մեր ընտրությունը իրական Հայաստան և պատմական Հայաստանի մասին է, այն տարբերությամբ, որ իրական Հայաստանը ապագայի մասին է: Էդքան որ ասում էինք՝ ապագա կա, ապագա կա, այ էդ ապագան սա է»,- ասաց Փաշինյանը՝ ցուցադրելով ձեռքի քարտեզը. «Որը կոնկրետ է, միլիմետրի ճշտությամբ գիտենք իր սահմանը, և իր անվտանգությունն ապահովում ենք ոչ թե առավոտից երեկո սրա-նրա ոտերի տակ ընկնելով, թե եկեք մեր անվտանգությունն ապահովեք, այլ ապահովում ենք մեր լեգիտիմ դիրքի վրա կանգնելով:
Էսօր մեզ ասում են՝ հանձնում են, տալիս են, մենք միասին իրար հետ հայտարարել ենք լեգիտիմությունը որպես ՀՀ ինքնիշխանության, պետականության և անվտանգության անկյունաքար, և մենք այսօր սա ենք անում, ասում ենք՝ սա մեր լեգիտիմ սահմանագիծն է՝ միլիմետրի ճշտությամբ, ինչ այս սահմանից այն կողմ է, մեզ հետաքրքիր չէ, ինչ էս սահմանից այս կողմ է, անձեռնմխելի է: Դա մեր պետությունն է, մեր սրբությունն է, մեր ինքնիշխանությունն է, մեր անկախությունն է, և սա մեր երեխաների պետությունն է, որ դեռ իրենք պետք է ապրեն, և այս պետությունը պետք է ապահովի մեր երեխաների ազատությունը, երջանկությունը, բարեկեցությունը և արդար միջավայր նրանց համար»,- նշեց վարչապետը: