Հրապարակային տեղեկատվությունից ևս ակնհայտ է, որ Հայաստանը և ԵՄ-ն վերջին շրջանում և այս օրերին վերանայում են հարաբերությունները, և այդ հարաբերություններն ընդգրկող օրակարգը դրական իմաստով վերանայում են: Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մերի Գալստյանի հարցին, թե Հայաստանի և Եվրամիության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի որ ուղղություններով են նախատեսվում վերանայումներ, և կիրառման ընթացքն ինչ փուլում է:
«Մենք ունենք հիմնարար փաստաթուղթ՝ ՍԵՊԱ-ն, և ՍԵՊԱ-ն կոնկրետ որոշակի գործողություններ կամ ուղղություններ արդեն իսկ կանխորոշում է, բայց երբ որ ես ասում եմ, որ վերանայում է տեղի ունենում, նկատի ունեմ հետևյալը. այժմ քննարկվում են հարցեր, և տեղի կունենան գործընթացներ, որոնք ավելին են, քան նախատեսում է ՍԵՊԱ-ն:
Այդպիսի մի շարք գործիքներ կան. վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը, որը եթե ունենանք ԵՄ-ի հետ, նախատեսված է ՍԵՊԱ-ով, կամ այլ գործիքներ:
Մենք ունենք երկուստեք քաղաքական կամք՝ խորացնելու մեր հարաբերությունները: Ոլորտները բազմապիսի են և արտացոլված են նաև նույն ապրիլի 5-ի մամլո հաղորդագրության մեջ՝ ավիացիայից մինչև տնտեսական դիվերսիֆիկացիաներ, մինչև շուկաների մոտարկում, որակների, ստանդարտների բարձրացում՝ քաղաքական, տնտեսական»,- ասաց Արարատ Միրզոյանը՝ բացատրելով, որ զուտ տեխնիկապես մենք նոր պայմանագիր չունենք և չենք կնքում, և, հետևաբար, պայմանագրից բխող գործողություններն էլ չեն փոխվի, բայց նաև պայմանագիրը չի սահմանափակում մեզ ունենալ այլ հավելյալ համատեղ գործողություններ, համատեղ ծրագրեր:
«Այսինքն՝ մենք ՍԵՊԱ-ն կշարունակենք ամբողջական իմպլեմենտացիայի [կիրարկման.- խմբ.] ուղղությամբ և զուգահեռաբար ներմուծում ենք մեր երկկողմ հարաբերությունների օրակարգ նաև այլ տարրեր՝ ոչ պակաս կարևոր»,- նշեց նա: