Ազգային ժողովը՝ մայիսի 22-ի նիստին առաջին և երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց մի շարք նախագծեր, ինչպես նաև Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի գործունեության ընդլայնում նախատեսող 259-րդ բանաձևը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:
Առաջին ընթերցմամբ ընդունված նախագծերի թվում էր Հարկային օրենսգրքում և կից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը, որի շրջանակում նախատեսվում է կրճատել հարկման ընդհանուր համակարգում առկա և շրջանառության հարկի համակարգի հարկային բեռերի միջև տարբերությունը:
Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունված նախագծերի թվում էր ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը, որով կարգավորվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի և վարժական հավաքների շրջանակներում քաղաքացիների պատշաճ ծանուցման ձևերը։ Նախագիծը քննարկվել էր հրատապ ռեժիմով: