ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն ընդունել է ԱՄՆ թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ հարցերով փոխպետքարտուղարի տեղակալ Բրենդոն Յոդերի գլխավորած պատվիրակությանը, այդ թվում՝ Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի Եվրոպայի և Ասիայի գրասենյակի եվրասիական թիմի ղեկավար Մարի Կուրթին, Երևանում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի (ԹՊԻՀ) տնօրեն Ալեքսիս Հաֆթվանին և ԹՊԻՀ քրեական արդարադատության բարեփոխումների ծրագրի ղեկավար Քրիստինա Աֆոյանին:
«Ողջունելով հյուրերին՝ Սասուն Խաչատրյանը կարևորել է վերջին տարիներին ԹՊԻՀ ծրագրի շրջանակում ԱՄՆ գործընկերների հետ ակտիվ համագործակցությունն ու ծրագրի կողմից Հակակոռուպցիոն կոմիտեին ցուցաբերվող շարունակական աջակցությունը հատկապես նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռքբերման ու կադրերի վերապատրաստման ուղղությամբ: Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ԱՄՆ պատվիրակությանը ներկայացել է իր ղեկավարած կառույցի կողմից կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ նախորդ երկու տարիներին իրականացված աշխատանքները՝ ընդգծելով, որ միայն 2023 թվականի ընթացքում կրկնապատկվել է ոչ միայն քննված վարույթների, այլ նաև մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված գործերի և դատի տրված անձանց քանակը:
Ամերիկյան կողմն ընդգծել է, որ գործունեության 2,5 տարվա ընթացքում Հակակոռուպցին կոմիտեն կարողացել է նկատելի առաջընթաց արձանագրել կոռուպցիայի դեմ պայքարում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև առաջիկայում ԹՊԻՀ ծրագրի շրջանակում վերապատրաստման և փորձագետների ներգրավմամբ նոր ծրագրերի իրականացման հնարավորությունները:
Կարևորելով արդեն իսկ ձևավորված սերտ համագործակցային կապերը՝ կողմերը պայմանավորվել են նույն արդյունավետությամբ շարունակել համատեղ աշխատանքները Հակակոռուպցիոն կոմիտեի կարողությունների զարգացման և ծառայողների մասնագիտական գիտելիքների կատարելագործման ուղղությամբ»,- ասված է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրության մեջ: