Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին: Այդ մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Նախարարը շնորհավորել է Լոնգանգեին ՀՀ-ում ԵԽ գրասենյակի ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և նշել, որ Հայաստանում նրա փորձառությունը կարող է նպաստել համատեղ ծրագրերի խթանմանը:
Առողջապահության ոլորտում մարդու իրավունքները, էթիկական նորմերը պաշտպանելու տեսանկյունից նախարարը կարևորել է մայիսի 16-ին Հայաստանի կողմից «Կենսաբանության և բժշկության նվաճումների կիրառման առնչությամբ մարդու իրավունքների և արժանապատվության պաշտպանության մասին» կոնվենցիայի (Օվիեդոյի կոնվենցիա) ստորագրումը:
Մաքսիմ Լոնգանգեն ներկայացրել է Հայաստանի համար 2023-2026 թթ. գործողությունների ծրագրի շրջանակներում «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ» ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում իրականացվող աշխատանքները:
Նա նշել է, որ ազգային օրենսդրության հետագա համապատասխանեցման հարցում Եվրոպայի խորհուրդը կշարունակի իր աջակցությունը:
Անդրադարձ է եղել նաև քրեակատարողական հիմնարկներում ազատությունից զրկված անձանց բժշկական օգնության իրավունքի պաշտպանության ուղղությամբ համատեղ աշխատանքներին: