Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ազգային ժողովը մայիսի 22-ին գումարված նիստի ժամանակ Սահմանադրական դատարանի դատավոր ընտրեց Դավիթ Խաչատուրյանին։
Սահմանադրական դատարանի նորընտիր դատավորը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի համաձայն երդվեց ԱԺ ամբիոնի մոտ:
«Ստանձնելով Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը՝ ՀՀ ժողովրդի առջև երդվում եմ՝ ապահովել Սահմանադրության գերակայությունը, գործել անկախ և անաչառ, հավատարիմ մնալ Սահմանադրական դատարանի դատավորի բարձր կոչմանը: Շնորհակալություն»,- ասաց Խաչատուրյանը:
Նշենք, որ Դավիթ Խաչատուրյանը 2016-2021 թվականներին ՀՀ փաստաբանների պալատի անդամ է եղել: 2021-ին ԱԺ-ի կողմից ընտրվել է ԲԴԽ անդամ, իսկ 2023-ին՝ ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր: Հեղինակ է 30-ից ավելի գիտական հրապարակումների, այդ թվում՝ 5 մենագրության: