Ատրճանակը ԼՂ ժողովրդի քունքին բռնած՝ պահանջում էին զոհաբերել վերջինը, որը մնացել էր ՀՀ ժողովրդին՝ պետականությունն ու ինքնիշխանությունը: Այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը՝ արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի՝ ԼՂ հարցի վերաբերյալ ԱԺ դահիճում հնչեցրած պնդմանը:
«Ինքն ինձ վերագրեց հետևյալ միտքը, որ ես հանդիպումների ժամանակ ասել եմ, թե «Հայաստանը Լեռնային Ղարաբաղի պատանդը չէ»: Ձևակերպումը ճշգրիտ հակառակն է եղել: Տարիներ, տասնամյակներ շարունակ ԼՂ-ն, նրա ժողովուրդը պատանդառության մեջ են գտնվել: Դրա ամենացցուն դրսևորումն այս վերջին փուլում ֆիզիկական շրջափակման մեջ գտնվելն էր՝ ԼՂ ժողովրդի քունքին ատրճանակ պահած, ռուս խաղաղապահների, ադրբեջանական բանակի շրջանակի մեջ առնված, այդ ատրճանակի բռնակից էլ բռնած էին մի քանի դերակատարներ՝ ոչ միայն Ադրբեջանը ուղղակիորեն, այլև դաշնակցական գաղափարախոսությունը և Ռուսաստանի Դաշնությունը:
Եվ այդ ատրճանակը ժողովրդի քունքին բռնած՝ ՀՀ-ից պահանջում էին զոհաբերել վերջինը, որը մնացել էր Հայաստանի ժողովրդին՝ պետականությունն ու ինքնիշխանությունը»,- ասաց Կարապետյանը:
«Մարդկությանը հայտնի ամենամասշտաբային դեպքն է եղել ԼՂ ժողովրդին պատանդ պահելը՝ ՀՀ պետականությունը ծնկի բերելու համար, և մենք սա անվանել ենք և շատ ճիշտ ենք արել»,- խոսքը եզրափակեց պատգամավորը: