Մեծ պատիվ է այսօր մեզ համար այստեղ գտնվելը, և մեր պաշտոնական այցը Հայաստան վկայությունն է այն մասին, որ մեր երկրների միջև կապերը ցանկանում ենք զարգացնել: Այս մասին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերը։
«Սա իմ երկրորդ այցելությունն է Հայաստան վերջին մեկ տարում, ինչն աննախադեպ է: Այն ամենը, ինչ տեղի է ունեցել այս տարածաշրջանում վերջին տարվա ընթացքում, ինձ դրդեց դրան, և սա վկայում է Հայաստանի և Լյուքսեմբուրգի հարաբերությունների կարևորության մասին հատկապես խորհրդարանական փոխայցելությունների առումով»,- ասաց Կլոդ Վիզլերը:
«Կառավարության մակարդակում ևս ունենք կատարյալ քաղաքական երկխոսություն ՀՀ ԱԳ նախարարի հետ»,- հայտնեց Վիզլերը:
Նա նաև հիշեցրեց՝ Լյուքսեմբուրգի պատվիրակությունը ԵՄ-ի առաքելության ծրագրի մեջ է ընդգրկված, ինչը ցույց է տալիս իրենց հանձնառությունը տարածաշրջանային անվտանգության և խաղաղության հարցում:
Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահը հույս հայտնեց, որ իրենց այցը էլ ավելի կամրապնդի երկու երկրների միջև հարաբերությունները:
«Հայաստանը մեր լիակատար աջակցությունն ունի ժողովրդավարության անցման իր ճանապարհին: Մենք ողջունում ենք նաև Հռոմի ստատուտի վավերացումը: Բոլոր միջնորդությունները և բանաձևերը, որ ընդունել ենք Լյուքսեմբուրգի խորհրդարանում, դրանք բոլորն ընդունվել են միաձայն: Մենք կշարունակենք մեր ներգրավվածությունը ԵՄ քաղաքացիական առաքելությունում, որը մեզ համար կարևոր է։ Անհրաժեշտության դեպքում մենք նաև կուժեղացնենք առաքելությունը և կաջակցենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության լուծման հարցում։
Մենք նաև Հայաստան-ԵՄ նոր ծրագրի շուրջ ենք աշխատում, Լյուքսեմբուրգը Բրյուսելում փորձում է առաջ տանել այն։ Մենք հստակ հռչակում ենք, որ ռազմագերիների և անհետ կորածների ազատ արձակումը նախապայմաններ են խաղաղության բանակցությունների համար։ Եվ սա շատ հստակ է մեզ համար: Լյուքսեմբուրգի խորհրդարանը հստակ դիրքորոշում ունի այս ամենի հետ կապված»,- եզրափակեց խոսքը Վիզլերը։
Հիշեցնենք՝ այցի շրջանակում նախատեսված են Կլոդ Վիզլերի հանդիպումները ՀՀ վարչապետի և նախագահի հետ: