Ազգային ժողովի՝ մայիսի 22-ի նիստին խորհրդարանն առաջին և երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց մի շարք նախագծեր: Առաջին ընթերցմամբ ընդունված նախագծերի թվում էր ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը, որն ընդունվեց 66 կողմ, 0 դեմ և 31 ձեռնպահ ձայներով:
Նախագծով կարգավորվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի և վարժական հավաքների շրջանակներում քաղաքացիների պատշաճ ծանուցման ձևերը։ Գործող օրենքով սահմանված է, որ քաղաքացիներն իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու վերաբերյալ ծանուցումները ստանում են փաստաթղթային կամ էլեկտրոնային եղանակով, սակայն հստակեցված չեն դրանց պատշաճ տրման ձևաչափերը:
«Գործընթացը կարգավորվում է հետևյալ սկզբունքով. մենք քաղաքացուն ծանուցելու ենք 4 տարբեր եղանակներով: Առաջին եղանակը քաղաքացու պաշտոնական էլեկտրոնային փոստն է, երկրորդ տարբերակը քաղաքացուն առձեռն հանձնելու միջոցով տարբերակն է, երրորդ տարբերակը փոստային առաքումն է: Եթե առաջին երեք տարբերակներով պետությունը քաղաքացուն չի կարողանում ծանուցում իրականացնել, ապա ազդարար համակարգում տեղադրվում է ծանուցման քաղվածք, որը տեղադրելուց հետո 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված, որից հետո՝ չներկայանալուց հետո, կան պատասխանատվության ենթարկելու հիմքեր»,- Ազգային ժողովի՝ մայիսի 21-ի նիստին նախագիծը ներկայացնելիս ասել էր ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանը: