Խորհրդարանը քննարկում է Կառավարության ներկայացրած՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Փաթեթի ընդունմամբ նպատակ է հետապնդվում լուծել Կառավարության ծրագրով նախանշված՝ հարկային քաղաքականության և, մասնավորապես, հարկման այլընտրանքային կարգերին վերաբերող կարևոր նպատակներ: Այս մասին ելույթում ասաց հիմնական զեկուցող, ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը: Առաջինը հարկման այլընտրանքային համակարգերի, մասնավորապես, շրջանառության հարկի համակարգի և հարկման ընդհանուր համակարգի շրջանակներում ձևավորվող հարկային բեռը մոտարկելն է:
Ինչպես հայտնի է, շրջանառության հարկի համակարգի՝ որպես հարկման հիմնական համակարգին այլընտրանքային համակարգի հիմնական նպատակը տնտեսվարող սուբյեկտների համար պարզ հարկային հաշվառման և մեղմ վարչարարության պայմաններում գործունեություն ծավալելու հնարավորության ապահովումն է:
Ուսումնասիրությունները, սակայն, ցույց են տալիս, որ շրջանառության հարկի համակարգը հարկման ընդհանուր համակարգին այլընտրանքային համակարգ լինելու փոխարեն վերածվել է հարկման արտոնյալ համակարգի:
Մասնավորապես, տնտեսական գործունեության առանձին ոլորտներում համեմատվել են հարկման ընդհանուր համակարգի (ԱԱՀ և շահութահարկ) և շրջանառության հարկի համակարգի հարկային բեռերը: Արդյունքում պարզվել է, որ գրեթե բոլոր ոլորտներում (բացառություն են կազմում այն ոլորտները, որոնցում կատարվող հիմնական գործարքները ազատված են ԱԱՀ-ից) հարկման ընդհանուր համակարգի հարկային բեռն անհամեմատ ավելի բարձր է, քան շրջանառության հարկի բեռն է: Այսպես, մշակող արդյունաբերությունում ԱԱՀ-ի և շահութահարկի հանրագումարային հարկային բեռը գերազանցում է շրջանառության հարկի բեռը 2 անգամ, շինարարությունում՝ 2.6 անգամ, առևտրի ոլորտում՝ 2.6 անգամ, կացության և հանրային սննդի ոլորտում՝ 3 անգամ, անշարժ գույքի հետ կապված գործունեության ոլորտում՝ 2.1 անգամ, մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեության բնագավառում՝ 2.8 անգամ:
Նախագծերով առաջարկվում է վերանայել գործունեության հիմնական տեսակների (առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն, արտադրական գործունեություն, հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեություն, այլ գործունեություն) համար սահմանված շրջանառության հարկի դրույքաչափերը՝ միաժամանակ ընձեռելով փաստաթղթերով հիմնավորված ծախսերի միջոցով վճարման ենթակա հարկի նվազեցման հնարավորություն: Ընդ որում, առաջարկվում է սահմանել ներկայումս գործող նվազագույն կամ հաստատուն դրույքաչափերից ցածր դրույքաչափեր, որոնց պարագայում փաստաթղթավորման պատշաճ մակարդակ ունեցող տնտեսավարող սուբյեկտների համար հարկային բեռը կարող է նվազել, ընդլայնել միկրոձեռնարկատիրության և շրջանառության հարկով հարկման համակարգերում հարկվելու առումով արգելված գործունեության տեսակների շրջանակը:
Մասնավորապես, առաջարկվում է սահմանափակել շրջանառության հարկի համակարգում նոտարական, փաստաբանական և վիճակախաղերի կազմակերպման գործունեությամբ զբաղվելու հնարավորությունը, միկրոձեռնարկատիրության հարկման համակարգում անշարժ գույքի առքուվաճառքի և (կամ) վարձակալությամբ տրամադրման միջնորդական, վարսավիրական, մարմնի խնամքի, ավտոտեխսպասարկման ծառայությունների մատուցման, ծրագրային ապահովման մշակման և շինարարական աշխատանքների կատարման, անշարժ գույքի գնահատման և չափագրման, սաունաների, բաղնիքների և շոգեբաղնիքների կազմակերպման գործունեության տեսակներով զբաղվող հարկ վճարողների գործունեությունը:
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հարց ուղղեց Պողոսյանին՝ խնդրելով պարզաբանել, թե Կառավարության ծրագրերի ո՛ր դրույթի հիման վրա է փաստաբանների և նոտարների համար նախատեսվում այսօրվա գործող շրջանառության հարկից անցում ընդհանուր հարկային դաշտ:
«Պատասխանն այն է, որ այս գործընթացը լինելու է շարունակական և մասնագիտական ծառայություններն աստիճանաբար տեղափոխվելու են հարկման ընդհանուր համակարգ, որովհետև շրջանառության հարկը չպետք է լինի արտոնյալ համակարգ, այլ պետք է լինի իրապես այլընտրանքային համակարգ կամ պետք է ընդհանրապես չլինի»,- պարզաբանեց Արման Պողոսյանը: