Եվրամիությունը շարունակում է ճանաչել Վոլոդիմիր Զելենսկու լեգիտիմությունը՝ չնայած Ուկրաինայի նախագահի լիազորությունների ժամկետի ավարտին։ Այդ մասին հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն։
«Ուկրաինայի սահմանադրության համաձայն՝ գործող նախագահը շարունակում է իր լիազորություններն իրականացնել մինչև պետության նոր ղեկավարի պաշտոնավարումը, իսկ ընտրությունները, ըստ Բրյուսելի, հնարավոր չեն ռազմական գործողությունների պատճառով։ Մենք կասկած չունենք, որ նախագահը Զելենսկին է»,- ասել է քաղաքական գործիչը։
2023 թվականի նոյեմբերի 30-ին Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավորները հռչակագիր են ստորագրել պատերազմական պայմաններում ընտրությունների անցկացման անթույլատրելիության մասին։ Փաստաթուղթն ընդունել են Ուկրաինայի խորհրդարանի բոլոր խմբակցությունների և խմբերի ներկայացուցիչները։ Այս տարի մարտի 31-ին նշանակված Ուկրաինայի նախագահի ընտրությունը չի կայացել։
Իրավիճակը մեկնաբանել է նաև ամերիկյան կողմը։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Կիև կատարած այցի ժամանակ ասել է, որ Ուկրաինայում նոր ընտրություններ տեղի կունենան, երբ երկրի քաղաքացիները դա հնարավոր համարեն։