ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ Ժաննա Անդրեասյանը Լոնդոնում այցելել է Մեծ Բրիտանիայի ազգային գրադարան, որտեղ հաջորդ տարի նախատեսվում է կազմակերպել հայ-բրիտանական կապերին նվիրված ցուցահանդես:
Հանդիպմանը մասնակցել են բրիտանական գրադարանի միջազգային գրասենյակի ղեկավար Մարսի Հոփքինդսը, Միջազգային ներգրավվածության կառավարիչ Էլեոնոր Կուպերը, Ասիական և Աֆրիկյան հավաքածուների ղեկավար Լուիզա Մենգոնին, Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի հավաքածուների ղեկավար Մայքլ Էդմանը:
ԿԳՄՍ նախարարը, կարևորելով նմանօրինակ ցուցադրությունների անցկացումը, ընդգծել է զուգահեռաբար դասախոսություններ և այլ միջոցառումներ կազմակերպելու հնարավորությունն ինչպես Հայաստանում, այնպես էլ Մեծ Բրիտանիայում: Ժաննա Անդրեասյանը նաև պատրաստակամություն է հայտնել աջակցելու Մեծ Բրիտանիայի ազգային գրադարանում հաջորդ տարի անցկացվելիք ցուցահանդեսը Հայաստանում ևս կազմակերպելու հարցում:
Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նաև կարևորել է բրիտանական գրադարանում պահվող հայկական հարուստ ժառանգության՝ ձեռագրերի, քարտեզների և ամենատարբեր նյութերի գույքագրումը, քարտեզագրումն ու ամբողջացումը: