Մայիսի 16-ին՝ ժամը 22.55-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Արտաշատ» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը «թոքի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ երիտասարդի է բուժօգնության տեղափոխում։
Ժամը 23.00-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Արտաշատի բաժին երկրորդ հաղորդումն է ստացվել․ ՊԾ կարգախմբից հայտնում էին, որ Ոստան գյուղում հրազենային վնասվածքով տղամարդու դիակ կա:
Արտաշատի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխված անձը Ոստան գյուղի 24-ամյա բնակիչ է, իսկ սպանվածը Արտաշատ քաղաքի բնակիչ 27-ամյա Վահագն Վարդանյանն է։ Պարզվել է նաև, որ դեպքը տեղի էր ունեցել Ոստան գյուղի գերեզմանատան հարակից տարածքում։
Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ՝ քրեական օրենսգրքի հինգ հոդվածների հատկանիշներով։
Հանցագործությունը բացահայտվեց Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Արարատի մարզային վարչության, Արտաշատի, Արարատի, Տաշիրի բաժինների և Արարատի մարզային քննչական վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում։
Պարզվել է, որ մայիսի 16-ին Արտաշատ քաղաքի շուկայի տարածքում գտնվող հացի փռում Ոստան գյուղի բնակիչ 24-ամյա երիտասարդը բարևելու հարցի շուրջ վիճաբանության է բռնվել 30-ամյա համագյուղացու հետ։ Հետագա պարզաբանումների համար ժամը 22.30-ին մի կողմից՝ 30-ամյա երիտասարդն իր ՎԱԶ-2106 մեքենայով՝ 35-ամյա հորեղբորորդու հետ, մյուս կողմից՝ 24-ամյա երիտասարդն իր ՎԱԶ-2121-ով՝ չորս համագյուղացիներով, այդ թվում՝ 27-ամյա սպանվածը, հանդիպում են գյուղի գերեզմանատան հարակից էլցանցի ենթակայանի կից տարածքում: 24-ամյա երիտասարդը իջնելով մեքենայից՝ իր մոտ ապօրինի պահվող որսորդական հրացանից կրակում է 30-ամյա համագյուղացու ուղղությամբ՝ պատճառելով վնասվածքներ, ինչին ի պատասխան՝ նրա 35-ամյա հորեղբորորդին իր մոտ ապօրինի պահվող ատրճանակից կրակում և մարմնական վնասվածքներ է պատճառում նրան և 27-ամյա Վահագն Վարդանյանին՝ վերջինիս պատճառելով կյանքի հետ անհամատեղելի վնասվածք։
Հետագա ձեռնարկված միջոցառումների արդյունքում երկրի սահմանը լքել պատրաստվող 35-ամյա տղամարդը մայիսի 17-ի ժամը 6.45-ին Գոգավանի մաքսային անցակետում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Արտաշատի բաժին, ապա ներկայացվել է մարզային քննչական վարչություն: Նա կալանավորվել է: Ձերբակալվել է նաև 24-ամյա երիտասարդը։ Հայտնաբերվել և մարզային քննչական վարչություն են ներկայացվել նաև երկու մասնակից։
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են տրանսպորտային միջոցները, մահակ, 9 մմ տրամաչափի պարկուճ, 12 մմ տրամաչափի որսորդական հրացանի 4 պարկուճ, 12 մմ տրամաչափի 3 փամփուշտ և արնանման հետքեր:
Նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական և դատահետքաբանական փորձաքննություններ:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք հրազենները և 30-ամյա երիտասարդին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն: Հանգամանքները պարզվում են: