Իսպանիայի կառավարությունը որոշել է Արգենտինայից վերջնականապես հետ կանչել դեսպան Մարիա Խեսուս Ալոնսոյին՝ գրում է El Mundo-ն՝ վկայակոչելով Իսպանիայի արտգործնախարար Խոսե Մանուել Ալվարեսի հայտարարությունը։
Մայիսի 19-ին Մադրիդում իսպանական աջծայրահեղական «Ձայն» կուսակցության հանրահավաքում Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյն Իսպանիայի վարչապետ Սանչեսին մեղադրել է կոռուպցիայի համար՝ պատճառաբանելով, որ վարչապետի կնոջ նկատմամբ հակակոռուպցիոն հետաքննություն է անցկացվել։ Իսպանիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Բուենոս Այրեսից հետ կկանչի դեսպանին խորհրդակցությունների համար և Միլեյից պահանջել է ներողություն խնդրել։
Արգենտինայի կառավարությունը պատասխանել է, որ Սանչեսը պետք է ներողություն խնդրի, որից հետո նախագահ Միլեյը հանդես է եկել հերթական հայտարարություններով։
Մայիսի 20-ի երեկոյան նա Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսին վախկոտ է անվանել և մեղադրել Արգենտինայում պետական հեղաշրջում իրականացնելու մտադրության համար՝ երկրի նախկին նախագահ Քրիստինա Քիրշների կողմնակիցների հետ դաշինքով։
Այդ հայտարարություններից հետո Մադրիդը որոշել է վերջնականապես Բուենոս Այրեսից հետ կանչել իր դեսպանին: Իսպանիան Արգենտինայի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակն իջեցրել է՝ հասցնելով գործերի ժամանակավոր հավատարմատարի աստիճանին։
Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյն էլ ի պատասխան դատապարտել է Իսպանիայի այդ որոշումը և նշել, որ ինքը չի պատրաստվում Մադրիդից հետ կանչել Արգենտինայի դեսպանին։