ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Ռուսաստանի սառեցված ակտիվներից ստացված միջոցներն Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու նպատակով օգտագործելու որոշմանը՝ ասվում է խորհրդի տարածած հաղորդագրության մեջ։
Հասույթը կօգտագործվի Ուկրաինայի հետագա ռազմական աջակցության, ինչպես նաև նրա ռազմարդյունաբերական ներուժի և վերականգնման համար։
«Մենք հավանություն ենք տվել ԵՄ-ում Ռուսաստանի Կենտրոնական բանկի սառեցված ակտիվներից ստացված եկամուտների օգտագործումը Ուկրաինային օգնելու համար մինչև երեք միլիարդ եվրո: Գումարի 90 տոկոսը կուղղվի ուկրաինական բանակին, ևս 10 տոկոսը՝ ԵՄ բյուջեից ֆինանսավորվող՝ Ուկրաինայի վերականգնման եվրոպական ծրագրերին»,- հայտարարել է Չեխիայի արտաքին գործերի նախարար Յան Լիպավսկին:
Ավելի վաղ Բելգիայի արտգործնախարարը նշել էր, որ առաջարկի հաստատումից հետո այդ միջոցները Կիևին հասանելի կլինեն մինչև հուլիս։ Պատերազմի մեկնարկից հետո ԵՄ-ն և G7-ի երկրները սառեցրել են Ռուսաստանի արժութային պահուստների գրեթե կեսը՝ մոտ 300 միլիարդ եվրո։ Մոտ 200 միլիարդ եվրո գտնվում է Եվրամիության ֆինանսական կառույցներում:
Կրեմլը նման որոշումների ընդունումը համարել է «միջազգային իրավունքի բոլոր կանոնների և նորմերի խախտման հերթական քայլ»։ ՌԴ ԱԳՆ-ն Եվրոպայում ռուսական ակտիվների սառեցումն անվանել է գողություն՝ նշելով, որ ԵՄ-ն թիրախավորում է ոչ միայն մասնավոր անձանց, այլև Ռուսաստանի պետական ակտիվները։