ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչները «Վիգմա» ՍՊԸ-ին (Արագածոտնի մարզ, գ․Սաղմոսավան) պատկանող հանրային սննդի օբյեկտի ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործունեությունն իրականացնում է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ։ Մասնավորապես՝
- սննդի կառույցները նախագծված, կառուցված ու տեղակայված չեն եղել այնպես, որ հնարավոր լինի կատարել ախտահանում, բացառվի կամ նվազագույնի հասցվի օդից փոխանցվող աղտոտումը և թունավոր նյութերի հետ շփումը.
- պատերը և առաստաղը չեն ունեցել հարթ մակերես, չեն գտնվել նորոգ վիճակում, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող նյութերից.
- սննդամթերքի արտադրման գործընթացում արտադրողի կողմից չի իրականացվել միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացները.
- սննդամթերքի տեղակայման տարածքում աշխատող անձինք չեն կրել համապատասխան մաքուր, անհրաժեշտության դեպքում՝ պաշտպանիչ հագուստ։
Հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ՝ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։