Հայաստանն ու Ադբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչել են Խորհրդային Միության փլուզման պահին խորհրդային հանրապետությունների միջև գոյություն ունեցած ադմինիստրատիվ սահմաններով, այսինքն՝ Հայաստանի սահմանները համապատասխանում են ՀԽՍՀ սահմաններին, Ադրբեջանի սահմաննները համապատասխանում են ԱԽՍՀ սահմաններին: Հետևաբար նոր սահմաններ մենք չենք կարող գծել, որովհետև նոր սահմաններ գծելու կարիք չկա: Նոր սահմանը նույն ինքը հին սահմանն է Խորհրդային Միության փլուզման պահին: Այդ մասին Ազգային ժողովի՝ մայիսի 21-ի նիստին ասաց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով ընդդմության քննադատությանը:
«Երբ մենք ասում ենք, որ մենք վերարտադրում ենք սահմանը, նկատի ունենք, որ սահմանագծման գործընթացում վերականգնում ենք, վերահաստատում ենք խորհրդային հանրապետությունների միջև գոյություն ունեցած ադմինիստրատիվ սահմանները»,- ասաց նա:
Անդրադառնալով ընդդիմության քննադատությանը, թե սահմանազատման գործընթացում որպես հիմք են ընդունվում տարբեր թվականների քարտեզներ, Ռուբինյանը պարզաբանեց. «Այս հատվածում սահմանազատման հիմքը կոնկրետ 1976 թվականի ԳՇ քարտեզն է, որն իր հերթին հիմնված է 1969 թվականի սահմանի վրա: Երբ ասում եք՝ 1988 թվականի փաստաթղթեր, էլի ինչ-որ տպավորություն է ստեղծվում, որ կա ինչ-որ նոր քարտեզ, որը մեզ շատ ավելի ձեռնտու է: Խորհրդային շրջանի, ուշ շրջանի քարտեզների միջև մեծ տարբերություններ չկան»:
Ըստ Ռուբեն Ռուբինյանի՝ հայկական կողմը տասնամյակներ շարունակ փորձել է մի տրամաբանություն, որը չի բերել լավ արդյունքների. կորցրել ենք տարածքներ, զոհեր: Նաև արդարացիորեն համարել է, որ տարբեր փուլերում առկա փոխզիջումային կամ զիջումային տարբերակներից ոչ մեկը չի պարունակել բավարար երաշխիք, բայց արդյունքում «միշտ ստացել ենք վատագույն տարբերակը»:
«Եթե ձեր փաստարկն այն է, որ հիմա սահմանազատման գործընթացի արդյունքում չկան բավարար երաշխիքներ մեզ համար, դա չի նշանակում, որ չպիտի ոչ մի բան անենք, դա նշանակում է, որ մենք մեր գործողություններով պիտի ստեղծենք այդ երաշխիքները: Եվ մենք այս գործընթացով հենց դա ենք անում, ստեղծում ենք այդ երաշխիքները»,- ասաց Ռուբինյանը: