ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն անդրադարձավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ելույթին, ընդգծեց՝ բոլորս առիթ ունեցանք խորհրդարանի ամբիոնից լսելու այն ելույթներից մեկի նմանակումը, որոնք լսվում էին 2023-ի սեպտեմբերին ԼՂ Ազգային ժողովում:
«Գրեթե նույնական ելույթ, գրեթե նույնական բառապաշարով, բառամթերքով ու գաղափարախոսությամբ: ԼՂ Ազգային ժողովում հնչած ելույթների մեջ էլ էր, որ դաշնակցական, մերձդաշնակցական, քոչարյանական, սերժսարգսյանական ԼՂ պատգամավորները փորձում էին ՀՀ իշխանություններին անվանել ազգակործան, հողատու, իրենց էլ անվանել ազգափրկիչ, հայրենասեր: Ուզում եմ հիշեցնել, որ այդ պատգամավորներից ընտրված նախագահը ընդամենը օրեր անց ստորագրեց ԼՂ-ի լուծարման մասին հրամանագիրը: Այդ փաստն արդեն գրվել ու գրվելու է պատմության դասագրքերում, որ Լեռնային Ղարաբաղում իշխանության եկան դաշնակցական, քոչարյանական, սերժսարգսյանական ուժերը, ու նրանց կողմից ընտրված նախագահը ստորագրեց ԼՂ-ն լուծարելու մասին հրամանագիրը»,- ասաց Ալեքսանյանը:
Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ նույն մարդիկ նույնական խոսույթով փորձում են գեներացնել գրեթե նույնական պրոցես, ակնհայտ է, որ պրոցեսի վերջնարդյունքը պետք է որ նույնը լինի: Այդ նույն մարդիկ ԼՂ-ում հեռացրին ընտրված իշխանությանը, բերեցին իրենց իշխանությունը, իրենց մարդուն նշանակեցին իշխանության, հետո նրա ձեռամբ լուծարեցին իշխանությունը:
Նա պատախանեց մեղադրանքներին, թե իշխանությունը երաշխիքներ չի տալիս, ընդգծեց՝ ինքը, որպես իշխանության ներկայացուցիչ, երաշխավորում է, որ եթե այս մարդկանց նախաձեռնած պրոցեսը ինչ-որ հրաշքով հաջողի, դրա վերջնական արդյունքը կլինի մեկը՝ Հայաստանի լուծարման մասին հրամանագիրը:
«100 տոկոս երաշխիք ենք տալիս դրան: Դա ակնհայտ ճշմարտություն է, սիրելի՛ քաղաքացիներ: Աննորմալ է սպասել մի այլ բան այն քաղաքական շարժումից («Տավուշը հանուն հայրենիքի» շարժում - խմբ.), որի լիդերը, բացի Ալիևի փաստաբանը լինելուց, ուրիշ բան չի անում՝ առավոտից երեկո շրջում է ՀՀ-ով ու ասում հետևյալը՝ այս իշխանությունն է հրահրել պատերազմ, այս իշխանությունն է բերել պատերազմը: Բացարձակ փաստաբանություն, որը, կարծում եմ, Ադրբեջանի շահերի ներկայացուցիչները տարբեր միջազգային դատարաններում, ինձ թվում է, այդ ելույթների կտորները պարբերաբար կօգտագործեն իրենց պաշտպանական ճառերում ու այլ վայրերում»,- հայտարարեց Ալեքսանյանը:
Նրա խոսքով՝ ՀՀ իշխանությանը մեղադրել պատերազմ հրահրելու, պատերազմ բերելու համար՝ կարող է անել միայն Ալիևի փաստաբանը:
«Այն մարդը, որը նման բան է հայտարարում, նա ադրբեջանական ռեժիմի փաստաբանն է, ուրիշ ոչինչ»,- նշեց պատգամավորը՝ հավելելով՝ սա շարժման տարածած ստերից միայն մեկն է:
Նա հիշեցրեց՝ շարժման առաջնորդներից մեկն էլ հայտարարել էր, թե ՔՊ խմբակցության 4-5 պատգամավոր արդեն զանգել ու իրենց աջակցությունն են հայտնել շարժմանը:
Դիմելով դահլիճում գտնվող «Հայաստան» խմբակցության գործընկերներին՝ առաջարկեց մատնացույց անել այդ պատգամավորներին: «Մի հոգու ցույց տվեք, էլի, որ զանգել ու ձեզ աջակցություն է հայտնել»,- ասաց Վահագն Ալեքսանյանը:
Ինչ վերաբերում է իշխանության տված անվտանգության երաշխիքներին՝ նկատեց՝ իրենց երաշխիքները միջազգային լեգիտիմությունն են, միջազգային հանրությունը, ՀՀ-ի զարգացող հարաբերությունները ԱՄՆ-ի, ԵՄ-ի, միջազգային կարևոր գործընկերների հետ:
«Այս մարդկանց առաջարկած երաշխիքը Սամվել Շահրամանյանն է: Սիրելի քաղաքացիներ, ՀՀ-ն ինքնիշխան ու անկախ պետություն է, ու սա շատ մարդկանց դուր չի գալիս: Նաև այս պատճառով է, որ տարատեսակ ռուս պրոպագանդիստներ 2023-ին հայտարարեցին, որ Հայաստանում պետք է ընդդիմադիր շարժումը ղեկավարի Վազգեն Գալստանյանը, ում եկեղեցական անունը Բագրատ Գալստանյան է: Դրանից առաջ էլ նույն բանը հայտարարել էր Ռոբերտ Քոչարյանը՝ առանց անուն տալու: Ակնհայտ է, թե ովքեր են սպասարկում այդ շարժումը, ովքեր են կանգնած դրա հետևում: Ակնհայտ է, որ հենց այդ ամենի բերումով շարժումը մարած է»,- նշեց Ալեքսանյանը:
Նա հորդորեց ըմբռնումով մոտենալ այդ մարգինալացած ու ագրեսիվացած շարժման առաջնորդներին, տուրք չտալ նրանց կողմից հնչող ատելության խոսքին, թշնամական քարոզին, ստերին ու կեղծիքին՝ ընդգծելով՝ մեր քաղաքացիները բազմիցս ապացուցել են իրենց ողջախոհությունը, և այս անգամ ևս տուրք չեն տա օտարերկրյա ծագում ու գաղափարական հենք ունեցող շարժմանը: