ՀՀ արդարադատության նախարարությունը տեղեկացնում է, որ «Համահայկական ճակատ» կուսակցության գրանցումը ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից մերժելը դարձել է տարբեր քաղաքական շահարկումների առարկա և նախարարության գործողություններում քաղաքական ենթատեքստ է դրվում, մինչդեռ պետական հաստատությունն իր գործառույթներն իրականացնելիս առաջնորդվում է բացառապես ՀՀ օրենսդրությամբ։
«2024 թվականի ապրիլի 19-ին Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն ներկայացված նոր ստեղծվող կուսակցության պետական գրանցման դիմումը Գործակալության կողմից 2024 թվականի մայիսի 16-ին վերադարձվել է՝ «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքով, ինչպես նաև «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքով սահմանված պահանջների չպահպանման, հետևաբար՝ կուսակցության պետական գրանցման օրենքով նախատեսված բովանդակային հիմքերով։
1. Ըստ օրենքի՝ Կուսակցության ստեղծման մասին որոշումը համարվում է ընդունված, եթե որոշմանը կողմ է քվեարկել կուսակցության հիմնադիր համագումարի մասնակիցների մեծամասնությունը, բայց ոչ պակաս, քան 300 հիմնադիր։
«Համահայկական ճակատ» շարժումը դիմումին կից ներկայացված ապրիլի 5-ի հիմնադիր համագումարի արձանագրության մեջ չի տվել 300 հիմնադրի մասնակցության վերաբերյալ տեղեկություն։ Հետևաբար՝ խախտվել է նշված նորմի պահանջը։
2. Քաղաքացիական օրենսգրքի համաձայն՝ իրավաբանական անձի գտնվելու վայրը և նրա մշտական գործող մարմնի գտնվելու վայրը պետք է լինեն նույնական։
Դիմումատուն Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն իր ներկայացրած տեղեկանքում և կուսակցության կանոնադրությունում նույն հասցեի փոխարեն, տարբեր հասցեներ է նշել, որով խախտվել է օրենքի նշված պահանջը։ Ավելին, որպես իրավաբանական անձի գտնվելու վայր նշվել է կուսակցության գլխավոր քարտուղար Հովհաննես Շահինյանի տան հասցեն:
3. Ըստ օրենքի՝ Պետական գրանցման նպատակով Կուսակցությունը` առկայության դեպքում պետական լիազոր մարմին է ներկայացնում տեղեկատվություն կուսակցության տարածքային ստորաբաժանումների վերաբերյալ:
Դիմումատու կուսակցությունը հենց իր իսկ կանոնադրությամբ նախատեսել է տարածքային ստորաբաժանումներ, սակայն պետական գրանցման դիմում ներկայացնելու պահին չի տրամադրել օրենքով սահմանված տեղեկությունն իր տարածքային ստորաբաժանումների մասին, որով խախտվել է նշված նորմի պահանջը:
Նշված խախտումներից բացի՝ ներկայացված փաստաթղթերում եղել են մի շարք այլ բովանդակային թերություններ, օրինակ` «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքը հստակ սահմանում է ձևակերպումներ, որոնք պարտադիր են կանոնադրության մեջ նշելու համար, մինչդեռ դիմումատուն մի շարք պարտադիր սահմանումներ չի ներառել իր կանոնադրությունում։
Ներքոնշյալ կարգավորումներից ելնելով՝ ակնհայտ է, որ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից՝ կուսակցության գրանցումը մերժելը, բացի իրավական դրդապատճառներից, այլ հիմնավորումներ չունի»,- ասված է հաղորդագրության մեջ: