Վազգեն Գալստանյանը մի մարդ է, ում թեկնածությունը՝ որպես քաղաքական առաջնորդի, 2023 թվականի սեպտեմբերին առաջ է քաշել ռուս պրոպագանդիստ Արամ Գաբրելյանովը: Որ ռուսական պետական լրատվամիջոց «Սպուտնիկ-Արմենիան» օրնիբուն դրական լույսի ներքո լուսաբանում է այդ ամենը, դուք ռուսական հետք տեսնո՞ւմ եք այդտեղ, թե՞ չեք տեսնում: Այս մասին, պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին և նրա ղեկավարած շարժմանը:
Լրագրողներից մեկի հարցին՝ ինչու իշխանությունը չի արձագանքել շարժման՝ Հանրապետության հրապարակում հրապարակված Նիկոլ Փաշինյանի, ինչպես շարժումն է ներկայացնում, «ստերի շարքին», Ալեքսանյանը պատասխանեց՝ աբսուրդի դոզան այնքան մեծ էր դրանում, որ անլուրջ կլիներ ցանկացած մեկի համար դրան արձագանքելը: Գերիների վերադարձի մասով որպես սուտ ներկայացված հայտարարությանը պատգամավորը հակադարձեց՝ գերիների մեծ մասը վերադարձվել է, իսկ մյուսների վերադարձի մասով ամենօրյա աշխատանք է տարվում:
Հարցին՝ ԼՂ ղեկավարության վերադարձի մասով աշխատանքներ տարվո՞ւմ են, պատասխանեց՝ բոլոր գերիների և պահվող անձանց վերադարձի մասով աշխատանքներ կատարվում են ամենօրյա ռեժիմով:
Ինչ վերաբերում է մեղադրանքներին, թե իշխանությունը չի կարողանում ապահովել Հայաստանի անվտանգությունը՝ Ալեքսանյանը նկատեց՝ իշխանությունը երաշխավորում է ՀՀ անվտանգությունը, բայց ոչ մի իշխանություն չի կարող երաշխավորել, որ իր երկրի անվտանգության վրա հարձակում, ոտնձգություն տեղի չի ունենա:
«Մենք փորձում ենք, ամեն ինչ անում ենք՝ ներդնելու համար երաշխավորության նոր մեխանիզմներ, ու դրա համար օգտագործում ենք ամենակարևոր միջազգային գործոնն այս պահի դրությամբ՝ միջազգային լեգիտիմությունը: Այն, ինչ առաջարկում են մեր քաղաքական օպոնենտները, բախտախնդրություն է, ու դա ոչինչ է ոչնչի մասին»,- նշեց Վահագն Ալեքսանյանը:
Լրագրողների դիտարկմանը, թե կոնսենսուս կա Բագրատ արքեպիսկոպոսի թեկնածությունը վարչապետի պաշտոնում հայտարարելու վերաբերյալ, պատգամավորը նկատեց. «Կոնսենսուս՝ մինուս մեկ, որտեղ մինուս մեկը ՀՀ ժողովո՞ւրդն է, թե՞ կոնսենսուս՝ մինուս երկու, որտեղ երկուսը ժողովուրդն ու Սահմանադրությունն են: Եթե այդ կոնսենսուսն է, շնորհավորում եմ իրենց արդեն իսկ ի սկզբանե ձախողված նախաձեռնության կապակցությամբ: Մեծ հաշվով, դա արդեն իսկ ակնհայտ է: Այնքան է աբսուրդի ժանրը մեծացել, որ ասում է՝ Սահմանադրությունը կփոխենք, որ երկքաղաքացին դառնա վարչապետի թեկնածու»:
Նրա խոսքով՝ խնդիրն այն է, որ ասում են՝ Բագրատ Գալստանյանը պետք է դառնա ՀՀ վարչապետ, սակայն մինչ օրս նա չի հրաժարվել երկքաղաքացիությունից:
«Մարդը մտել է քաղաքականության մեջ, ասում է՝ Սահմանադրություն փոխեք, բայց ես քաղաքացիությունից չեմ հրաժարվի»,- հավելեց նա: