«Հանրակրթության ծրագրի» շրջանակում իրականացվող միջոցառումների համար յուրաքանչյուր տարվա պետական բյուջեով նախատեսվում են համապատասխան միջոցներ: Նկատի ունենալով այդ հանգամանքը` պետական բյուջեի ծախսերի կանխատեսելիությունն ապահովելու, ինչպես նաև լրացուցիչ ծախսերի նախատեսումից խուսափելու նպատակով առաջարկվում է հանրակրթության ոլորտում ՀՀ պետական բյուջեով նախատեսված ծրագրերի և միջոցառումների իրականացման գործակիցները և նորմատիվները, ֆինանսավորման կարգերը հաստատել ոչ թե ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով, այլ ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ: Այս մասին ԱԺ հերթական նիստում հայտնել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
Նշվել է, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի կողմից հաստատվում են մի շարք հրամաններ, որոնք հանգեցնում են բյուջետային գործընթացներում քննարկված և հաստատված բյուջետային հատկացումների չափաքանակների գերազանցմանը, ֆիսկալ ռիսկերի առաջացմանը և պետական բյուջեի համար լրացուցիչ նոր պարտավորությունների ստանձնմանը:
Հարցի վերաբերյալ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է պատգամավոր Նարեկ Բաբայանը:
«Հանրակրթության մասին» օրենքում առաջարկվող լրացումն ու փոփոխությունը քննարկվել են մայիսի 21-ի ԱԺ նիստում: