Նախագծով առաջարկվում է Քաղաքացիական օրենսգրքով սահմանել Կորպորատիվ կառավարման կանոնագրքի հասկացությունը և դրա ընդունման համար անհրաժեշտ լիազորող նորմը: Կորպորատիվ կառավարման կանոնագիրքն այն ստանդարտն է, որը պետությունն առաջարկում է իր մասնավոր հատվածին որպես ուղեցույց: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը:
Նա տեղեկացրել է, որ ստանդարտին միանալու պարագայում կազմակերպությունները կարող են ներդնել կանոնագրքով սահմանված որոշակի կառուցակարգեր, որոնք կօգնեն կազմակերպություններին լինել ավելի հաշվետու, թափանցիկ և զսպել որոշակի կոռուպցիոն ռիսկեր: Հիմնական զեկուցողը կարևորել է կանոնագրքի ընդունումն ու լայնածավալ կիրառումը՝ նշելով, որ դրա համար կան նաև աջակցության մի քանի մեխանիզմներ:
«ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ մայիսի 21-ի նիստում:
Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը, ողջունելով Կորպորատիվ կառավարման կանոնագրքի ընդունումը կազմակերպությունների կողմից, նշել է, որ կորպորատիվ կառավարման մշակույթը պետք է հիմնավորվի և լայն տարածում ստանա ձեռնարկատիրության ոլորտում: Նրա կարծիքով հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունները պարտադիր պետք է ունենան կորպորատիվ կառավարման կանոնագիրք: Հանձնաժողովի նախագահը նշել է, որ պատրաստվում է նման նախաձեռնությամբ հանդես գալ և հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների համար այն դարձնել պարտադիր պայման:
Հարակից զեկուցող, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Մինասյանը նշել է, որ նախագծով առաջարկվում է կորպորատիվ կառավարման համակարգերում ներդնել կանոնագիրք, որը լինելու է ոչ պարտադիր: Նմանատիպ կանոնագրքերն օգնելու են միջազգային հարաբերություններում կորպորատիվ կառավարման համակարգ ունեցող կազմակերպությունների վստահելիության բարձրացմանը, իրավական հարցերի պաշտպանությանը, թափանցիկությանը և կառավարման արդյունավետությանը: Պատգամավորը կոչ է արել կողմ քվեարկել նախագծին: