ՀՀ տարածքից չի զիջվել, չի զիջվում, չի զիջվելու, չի քննարկվել, չի քննարկվում, չի քննարկվելու, և դրա մասին նույնիսկ խոսակցություն տեղի չի ունեցել և չի կարող տեղի ունենալ: Այդ մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Կիրանցում սահմանազատման գործընթացին:
Հարցին՝ այդ դեպքում կիրանցիներին ի՞նչ փոխհատուցումներ տալու մասին է խոսքը, եթե ՀՀ սուվերեն տարածքից 1 միլիմետր չի զիջվում, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Փոխհատուցումները տրվում են այն բանի համար, որ այդ մարդկանց իրավիճակն այդ սահմանային փոփոխության հետևանքով ինչ-որ ձևով փոխհատուցվի: Բայց դա չի նշանակում, որ մենք տալիս ենք այն, ինչ պատկանում է ՀՀ-ին, և չի նշանակում, որ նույն կիրանցիները, օրինակ, երբ ավելանում է մի քանի հեկտարով, իրենք վերցնում են Ադրբեջանից [տարածք]»:
Ըստ Ալեն Սիմոնյանի՝ ընտրվել է 1976 թվականի քարտեզը, որովհետև դրանց տակ կա իրավական հիմք, որը նաև Ադրբեջանի կողմից է հաստատված, ոչ միայն հայկական կողմից:
«ՀՀ սահմանն այն սահմանն է, որով ՀՀ-ն անկախացել է, այդտեղ վերադառնում ենք Ալմա-Աթայի հռչակագրին, որում նշված է, որ ՀՀ-ն և մնացած հանրապետությունները, որոնք ստորագրել են այդ փաստաթուղթը, այդ թվում՝ Ադրբեջանը, իրենց վարչական սահմաններով դառնում են [հանրապետություն]»,- ասաց նա և հավելեց, որ վստահ է՝ ՀՀ իշխանություններն ամեն ինչ անելու են, որ այն, ինչ պատկանում է ՀՀ-ին, վերադառնա ՀՀ-ին, և այն, ինչ պատկանում է Ադրբեջանի Հանրապետությանը, վերադառնա հավասարության սկզբունքով: